Վրաստանի հատուկ ծառայությունները լրտեսության մեղադրանքով ձերբակալել են ռուսամետ գործչի, հայտնում է Грузия Onlinе-ը։
Լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձը Գուլբաաթ Ռցխիլաձեն է։ Այս տեղեկությունը «IPN»-ին հայտնել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից։
ՊԱԾ ղեկավարի տեղակալ Լաշա Մագրատձեի փոխանցմամբ՝ լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ։ Ինչպես նա նշվել է ճեպազրույցի ժամանակ, ձերբակալվածը կապեր է ունեցել օտարերկրյա երկու պետությունների հատուկ ծառայությունների հետ։ Մագրատձեի տվյալներով՝ մեղադրյալը հասարակական կազմակերպություններից մեկի հիմնադիրն ու ղեկավարն է։
«Ձերբակալվածն օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ ունեցել է պարբերական, բարձր մակարդակով կազմակերպված կոնսպիրատիվ կապեր։ Տեղեկությունների փոխանցումն իրականացվել է ինչպես անձնական հանդիպումների, այնպես էլ էլեկտրոնային միջոցների օգնությամբ։ Բացի այդ, գաղտնիության պահպանման և հրահանգավորման նպատակով հանդիպումները պարբերաբար կազմակերպվել են երկրի սահմաններից դուրս»,- հայտնել է նա։
Լրտեսության մեջ մեղադրվող անձը, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով և ֆինանսավորմամբ, համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով ստեղծել է տեղեկատվական հարթակներ և տարբեր միջոցառումներ կազմակերպել երկրի ողջ տարածքում։
Հատկանշական է, որ մեղադրյալը միաժամանակ համագործակցել է օտարերկրյա երկու պետությունների հատուկ ծառայությունների հետ և զուգահեռ հետախուզական գործունեություն իրականացրել։
«Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով, որը որպես պատիժ նախատեսում է 8-ից 12 տարի ժամկետով ազատազրկում»,- հայտարարել է Լաշա Մագրատձեն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գուլբաաթ Ռցխիլաձեն իր կազմակերպության անունից հայտարարություն էր տարածել, թե ռուսամետ հասարակական կազմակերպությունների խումբը պատրաստվում է ստեղծել այն անձանց ռեեստրը, որոնք Վրաստանում բացասաբար են արտահայտվում հենց Ռուսաստանի, նրա քաղաքացիների հասցեին կամ քննադատում են ՌԴ գործողությունները։