Կատարի իշխանությունները մերժել են Իրանին պատկանող 12 միլիարդ դոլարի ակտիվներն անվերապահորեն ապասառեցնելու վերաբերյալ պաշտոնական Թեհրանի պահանջը, որը ձևակերպվել էր Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման գործընթացի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լոնդոնից հեռարձակվող Iran International ալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Կատարի իշխանությունները մերժել են ԱՄՆ-ի հետ մտադրությունների մասին հուշագրի հրապարակմանը զուգահեռ 12 միլիարդ դոլարն անհապաղ և անվերապահորեն ապասառեցնելու Թեհրանի վճռական կոչը՝ համաձայնելով ապասառեցնել միայն այդ միջոցների կեսը, այն էլ՝ խիստ սահմանափակումներով։ Նշվում է, որ Կատարն առաջարկել է ապասառեցնել 6 մլրդ դոլարը, բայց վարկի տեսքով, որով Իրանը կգնի Կատարում արտադրված ապրանքներ։
Կատարի փոխվարչապետը մայիսի 30-ին Սինգապուրում ելույթ ունենալով «Շանգրի-Լա» անվտանգության միջազգային համաժողովում՝ հայտարարել է, որ պաշտոնական Դոհան և տարածաշրջանի մյուս երկրները փորձում են համապարփակ ռազմավարություն մշակել Թեհրանի նկատմամբ, այդ թվում՝ քաղաքական և առևտրական հարցերի շուրջ։ Նա խոստովանել է, որ Ծոցի արաբական երկրները դեռևս չունեն Իրանի հետ փոխգործակցելու վերաբերյալ ընդհանուր մոտեցում։
Կատարի փոխվարչապետն անընդունելի է համարում Հորմուզի նեղուցով նավերի ընթացքի համար տուրքերի գանձման պրակտիկայի մշտական կիրառումը։ Ըստ նրա, բանակցությունների օրակարգում կարող է ընդգրկվել միայն ժամանակավոր վճարի կիրառման հարցը՝ պայմանով, որ գոյացած գումարն ուղղվելու է նեղուցի ականազերծմանը և նավագնացության վերականգնմանը։
Կատարի փոխվարչապետը նաև ընդգծել է, որ նման տուրքերի գանձումը չպետք է դառնա նախադեպ և կիրառվի աշխարհի մյուս նեղուցներում, քանի որ կխափանի միջազգային ծովային հաղորդակցությունը։