
Այսօր Արագածոտնի թեմը նշում էր թեմի կազմավորման 30-ամյակը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշեց․ «Այս տարի մենք թեմի 30-ամյակ ենք նշել, որը ավելի տխուր անցավ, քան 29-ամյակը, քանի որ թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը իբրև թե ազատ է, բայց դատարանի սանկցիաներով չի թույլատրվում, որ առաջնորդարան գա, կամ թեմակալ եկեղեցիներ և մեզ հանդիպելու։ Իմ տեղեկություններով՝ թեմակալ առաջնորդը դիմել է, բայց թույլ չեն տվել, որ այսօր գա և մասնակցի թեմի 30-ամյակի նվիրված հանդիսությանը։ Պատարագ արեցինք, մի գեղեցիկ տորթ էինք պատրաստել, հավաքվեցինք, բայց էն ուրախությունը չկար, որովհետև թեմակալ առաջնորդը մեզ հետ չէր։ Եւ սա միայն թեմակալ առաջնորդի իրավունքների ոտնահարում չէ, սա ամբողջ թեմի ու հավատավոր ժողովրդի իրավունքների ոտնահարում է։ Էսպես ոտնահարեն մարդկանց իրավունքները ու մարսե՞ն։ Ու այս նույն փուլում տեսնում ես կարգալույժ քահանաներին, թե ոնց են իշխանության հանրահավաքներին գլխաքանակ ապահովում, մասնավորապես Ստեփան Ասատրյանը, Արամայիս Թոխմասյանը, նույնիսկ Վանաձորի քարոզարշավից լուսանկար էին հրապարակել։ Նույն Ստեփան Ասատրյանը, որ ասում էր իրեն պարտադրանքով ընդդիմության հանրահավաքներին են ուղարկել, էսօր էլ իշխանությունների հանրահավաքին է մասնակցում։ Այսինքն էս տղու ամբողջ կյանքը տենց պարտադրանքով անցավ»։
Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին հոգևոր դասի բացակայությանը՝ Տեր Վրթանեսը նշեց․ «Բանակի հոգևոր սպասավորությունը Պաշտպանության նախարարությունը միակողմանի լուծարել է»։
Դիտարկմանը՝ որ նման մասշտաբի զորահանդես անցկացնելն ու առանց երկրի հոգևոր դասի, արդյոք ևս մեկ անարգանք չէ եկեղեցու հանդեպ՝ Տեր Վրթանեսը արձագանքեց․ «Իրենք մեր երկրից չեն։ Լուծարված է ոչ միայն բանակի հոգևոր սպասավորությունը, դպրոցներից հանված է եկեղեցու պատմությունը։ Այսինքն սա պայքար է ուղղված եկեղեցու դեմ։ Սրա տրամաբանական շարունակությունն այն է, որ տեսնում ենք, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում եկեղեցու դեմ կետ կա, որը հակասահմանադրական է, բայց որի դեմ չենք տեսնում նախագահի խոսքը, որը Սահմանադրության թիվ մեկ պաշտպանն է ի պաշտոնե, ՄԻՊ-ի արձագանքը, կամ ԿԸՀ-ն այս հիմքով կարող էր չգրանցել ՔՊ-ին։ Բացի այդ այլ առաջնահերթություններ կան, օրինակ զորավարժությունները, որ պետք է ժամանակ առ ժամանակ արվեր, նաև ՀԱՊԿ երկրների հետ համատեղ, այսօր չի արվում և ցավոք սրտի այսօր բանակի սպառազինությունը որ ցույց էին տալիս՝ ոչինչ չանող սպառազինություն է, երբ բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը երկրի շահերը միջազգային ասպարեզում առաջ չի մղում, այսինքն այդ դեպքում բանակի դերակատարությունը դառնում է անիմաստ։ Երբ պարեկային աշխատողը, ոստիկանության գվարդիայի աշխատակիցը և մյուսները ավելի բարեկեցիկ սոցիալական վիճակ ունեն, քան ունի ասենք սահման պահող սպան, կամ սահման պահող պայմանագրայինը, հասկանում ես որ օրվա իշխանությունը արտաքին վտանգը չի զգում, բայց հասարակությունից ներքին վտանգ է զգում»։