Վրաստանում լրտեսության մեջ կասկածվող երկրորդ անձն է կալանավորվել․ նա «Կովկասի մարդու իրավունքների ինստիտուտի» հիմնադիրն է

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը լրտեսության մեղադրանքով կալանավորել է ևս մեկ մարդու․ դա լրագրող Իրակլի Չիխլաձեն է։ Տեղեկությունը հաստատել են գերատեսչությունում։

Իրակլի Չիխլաձեն «Կովկասի մարդու իրավունքների ինստիտուտի» հիմնադիրն ու ղեկավարն է, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ինչպես հայտարարվել է Պետական անվտանգության ծառայությունում անցկացված ճեպազրույցում, ձերբակալվածը, գործելով իր երկրի շահերին հակառակ, օգտագործելով լրագրողական, փորձագիտական և այլ մասնագիտական շրջանակներում ունեցած անձնական կապերը, օտարերկրյա հատուկ ծառայությունների շահերից ելնելով, համակարգված զբաղվել է նրանց համար հետախուզական բնույթի տեղեկությունների հավաքմամբ և փոխանցմամբ։

Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածի փոխանցած տեղեկությունները ներառել են տվյալներ Վրաստանում և հարևան երկրներում տեղի ունեցող գործընթացների մասին։

Բացի այդ, ինչպես նշել են ՊԱԾ-ում, նա առցանց հարթակի քողի տակ ղեկավարել է հետախուզական ցանց, ինչպես նաև հատուկ ծառայություններից ստացված միջոցները բաշխել ցանցի անդամների միջև։

Բացի այդ, ավելի վաղ ՊԱԾ-ը լրտեսության մեղադրանքով կալանավորել էր նաև «Եվրասիա ինստիտուտի» հիմնադիր Գուլբաաթ Ռցխիլաձեին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *