Բոլորը շփոթված են, խառնված, բազմաթիվ գործարարներից զանգեր եմ ստացել, մարդիկ չգիտեն՝ ինչ են անելու․ նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադառնալով Ռուսաստանի՝ Հայաստանից պտուղ-բանջարեղենի և այլ ապրանքների ներմուծումն արգելելու որոշմանն՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, որ մարդիկ հազարումի պլաններ-ծրագրեր, վճարելու վարկեր ու հարկեր ունեն, բայց փաստի առաջ են կանգնել։
«Միրգ-բանջարեղենը հավաքել են ու չգիտեն՝ ինչ անել, որտեղ տեղավորել, փչանում է։ Ես մեկ ամիս է զգուշացնում եմ՝ որ էսպես է լինելու։ Ասում եմ՝ հնարավորություն տվեք ինձ, մի օրում ամեն ինչ կարգավորեմ։
Էսօր անդունդի եզրին ենք։ Տնտեսությունը երկիր պահողն է, ժողովրդին կերակրողը, և եթե քանդվեց, ի՞նչ է լինելու։ Մի բան պետք է հասկանալ, որ տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր»,- շեշտեց Ծառուկյանը։