Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին՝ հրավիրելով նրանց հրատապ ուշադրությունը Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա․ տեղեկացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունը։
Դիմումով մտահոգություն է հայտնվում, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու ազատազրկումը կարող են լինել անհիմն, անօրինական և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում նաև նրա նկատմամբ երկամսյա նախնական կալանքի կիրառումը, տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Օսիպյանը կալանքի տակ հացադուլ է իրականացնում։
Դիմումի հեղինակները ընդգծում են, որ ստեղծված իրավիճակը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության համար։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչ են անում անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Ամբողջական հայտարարությունն՝ այստեղ։