«Ծաղիկներս ո՞ւմ ուղարկեմ»․ հայկական ո՞ր ապրանքների ու մթերքների ներմուծումն է արգելել ՌԴ-ն վերջին մեկ ամսում

Վերջին շրջանում Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, արգելել է Հայաստանից ՌԴ արտահանվող մի շարք ապրանքների ներմուծումը։

Այսպես, մայիսի 22-ից արգելվել է ծաղիկների ներմուծումը։ Պաշտոնական Մոսկվան դա պատճառաբանել է ջերմոցային տնտեսությունների ստուգումներից հետո հայտնաբերված խախտումներով։

Դրանից մեկ օր անց էլ՝ մայիսի 23-ին, «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր «Ջերմուկ» հանքային ջրի ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումն ու վաճառքն արգելելու մասին։ Որպես պատճառ նշվել էր ջրում հայտնաբերված հիդրոկարբոնատի (իոն, քլորիդներ, սուլֆատներ) չափազանց բարձր մակարդակը:

Օրեր առաջ էլ՝ մայիսի 28-ին, Ռուսաստանից հայտնել են, որ արգելում են պտուղ-բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի, վարունգի, կանաչ պղպեղի, կանաչեղենի ու ելակի ներմուծումը։ Քաղցրահամ հատապտղի մասով, ի դեպ, ռուսական մամուլը գրել էր, որ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կարող է զրկվել ելակի արտահանումից, եթե կորցնի ռուսական շուկան, քանի որ ելակի արտահանման առյուծի բաժինը՝ 97 տոկոսը, բաժին է ընկնում հենց ռուսական շուկային։

Այսօր էլ՝ հունիսի 1-ին, հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ձկնամթերքի ներմուծումը։ Գերատեսչության տվյալներով՝ ձկնաբուծական և ձկնամշակման ընկերությունների շուրջ 50 տոկոսը հրաժարվել է վերահսկողությունից, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացրել արտադրանքի հետագծելիության և անվտանգության վերաբերյալ։ Ստուգումներից հետո ընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 2-ից առաջարկվում է ժամանակավորապես կասեցնել Հայաստանից դեպի Ռուսաստան կենդանի ձկան և ձկնամթերքի հավատաստագրումը, հետևաբար՝ նաև ներմուծումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *