ԵՄ-ն, ըստ ամենայնի, զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց կհանի ժամանակավոր պաշտպանության ծրագրից

ԵՄ երկրների մայրաքաղաքները դիտարկում են այն հարցը՝ արդյոք արժե՞ զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց հանել համաեվրոպական ժամանակավոր պաշտպանության սխեմայի ցանկացած հետագա երկարաձգումից. ծրագրով ապաստան է տրամադրվել պատերազմից փախած ավելի քան չորս միլիոն մարդու:

Այս առաջարկն առաջացել է ԵՄ Ժամանակավոր պաշտպանության հրահանգի (TPD) ապագայի վերաբերյալ քննարկումների ընթացքում, որն ուկրաինացիներին թույլ է տալիս ապրել և աշխատել Եվրոպայում՝ առանց ապաստան ստանալու ազգային ընթացակարգերն անցնելու:

Ըստ ԵՄ Խորհրդի ներքին փաստաթղթի, որին ծանոթացել է Euractiv պարբերականը, քննարկվող տարբերակների թվում դիտարկվում է ժամանակավոր պաշտպանության երկարաձգումը՝ միաժամանակ դրա շրջանակի նեղացմամբ, ներառյալ «զորակոչային տարիքի տղամարդկանց» կամ Ուկրաինան անօրինական ճանապարհով լքած անձանց ծրագրից հանումը:

Ցանկացած նման սահմանափակում տարածվելու է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու համար դիմող նոր հայտատուների վրա:

Մարտին Euractiv-ն առաջին անգամ հայտնել էր, որ ԵՄ երկրներն ուսումնասիրում են այս իրավական շրջանակի ևս մեկ երկարաձգման հնարավորությունը, ինչը կարող է ծրագրի գործողությունը հասցնել վեցերորդ տարվան:

Անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովը ազգային մայրաքաղաքներին կոչ էր արել պատրաստվել ծրագրի աստիճանական փակմանը: 2024 թվականին այն ընդունել էր հանձնարարականներ՝ դեպի ավելի կայուն իրավական կարգավիճակներ «համակարգված անցման» վերաբերյալ, սակայն այդ ուղղությամբ առաջընթացը դեռևս անհավասարաչափ է մնում:

Ուկրաինան բախվել է կենդանի ուժի աճող պակասի և բանակ զորակոչելու դժվարությունների հետ: 2024 թվականին Ուկրաինան նվազեցրել է մոբիլիզացիոն տարիքը 27-ից մինչև 25 տարեկան և միջոցներ է ձեռնարկել զորակոչի ու զինվորական հաշվառման բարելավման համար:

Այս ծրագրի ապագան քննարկելու են միգրացիայի նախարարներն այս շաբաթ անցկացվելիք Արդարադատության և ներքին գործերի խորհրդի նիստում, որտեղ, ինչպես ակնկալվում է, նրանք կմշակեն քաղաքական ուղեցույցներ հետագա քայլերի համար: Ծրագրի ցանկացած ապագա երկարաձգում կամ վերանայում պետք է առաջարկի Եվրոպական հանձնաժողովը:

Եվրահանձնաժողովն առայժմ ձեռնպահ է մնում հայտարարություններից այն մասին՝ արդյոք պաշտոնապես կառաջարկի հերթական երկարաձգումը: Պատասխանելով այս թեմայով հարցին՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Euractiv-ին հայտնել է, որ ազգային կառավարությունների հետ քննարկումներն տվյալ  հարցի շուրջ շարունակվում են:

2026 թվականի մարտի դրությամբ ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ուներ 4,33 միլիոն ուկրաինացի, ընդ որում՝ նրանցից ամենաշատ թվով մարդկանց ընդունել են Գերմանիան (1,27 միլիոն), Լեհաստանը (961 հազար 405) և Չեխիան (379 հազար 820):

Նրանք կազմում էին շահառուների ընդհանուր թվի ավելի քան 98%-ը։ Նրանց թվում 43,3%-ը կանայք են, 30,1%-ը՝ երեխաներ, իսկ 26,6%-ը՝ չափահաս տղամարդիկ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *