Հանցագործությունները կնվազեն, եթե Ոստիկանությունը կողմնակի բաներով չզբաղվի

«Պետք է լինի պատշաճ իրավական համակարգ, այսինքն՝ պետք է հանցագործությունները պատշաճ ձևով հետաքննվեն, պատժվեն»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Անդրադառնալով երկրում հանցավորության աճի, իրավապահ համակարգի խնդիրների և Էջմիածնում ապրիլի 11-ին տեղի ունեցած աղմկահարույց դեպքի վերբերյալ Oragir.News-ի հարցերին՝ փաստաբանը բացատրեց, որ նույնիսկ ամենաիդեալական աշխատող իրավապահ համակարգն այնպես չէ, որ միշտ կարող է բոլոր հանցագործությունները կանխել։

Նրա խոսքով՝ հանցագործությունների կանխման համար էական է հասկանալ դրանց բնույթը, քանի որ որոշ դեպքեր կարող են լինել պատահական կամ կենցաղային հողի վրա, որոնք նույնիսկ նախապես պլանավորված չեն լինում։

Նշեց նաև, որ հանցավոր միջավայրի վատթարացմանը նպաստում են մի շարք գործոններ, այդ թվում՝ հասարակության ընդհանուր լարված մթնոլորտը, ներընտանեկան վիճակը և համացանցը, որտեղ անընդհատ առկա են բռնության տեսարաններ։

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը ևս աճել է, այստեղ Խուդոյանը կարևորեց կրթական համակարգի դերը։

«Կրթական պրոցեսն է կարևոր, դպրոցներում իրավապահների ներկայությունը։ Ու ոչ թե վախեցնող ներկայությունն, այլ փոխադարձ արձագանքի մթնոլորտում աշխատանքը, որը և՛ վստահությունն է բարձրացնելու իրավապահների նկատմամբ, և՛ պատկերացում կտա, որ կրթական ոլորտում պետք է ճիշտ դաստիարակություն կազմակերպվի»,- ընդգծեց նա։

Այն հարցին, թե ամեն քայլափոխի հանդիպող պարեկները ինչո՞ւ չեն կարողանում կանխել նման միջադեպերը, Խուդոյանը պատասխանեց.

«Ոստիկանությունը պետք է իր ուժերը կենտրոնացնի հանցագործությունների կանխման և նախականխման վրա։ Մի քիչ ավելի քիչ զբաղվի կողմնակի բաներով, որը ոստիկանության ֆունկցիաներում չէ, և ավելի շատ կատարի իր պարտականությունները»։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին կրակոցներ էին հնչել Էջմիածին քաղաքի կենտրոնում՝ գլխավոր հրապարակում։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա՝ կրակոցի բազմաթիվ հետքերով, և ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճ։ ՆԳՆ խոսնակը հայտնել էր, որ, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ դեպքի առնչությամբ արդեն կա ձերբակալված անձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *