Կաշառք եւ կեղծիք – Հրապարակ

Երեկ Հրազդանից մի հիվանդ մարդու ոստիկանություն էին տարել, փորձել էին վախեցնել-ճնշելով ցուցմունք կորզել, թե ԲՀԿ-ին հարող մի անձնավորությունից ընտրակաշառք է ստացել: Մարդը, որ լուրջ առողջական խնդիրներ ուներ եւ իր խնամքին` երկու երեխա, վախեցած էր ու շփոթահար։

Նա մեր լրագրողին պատմել էր, որ ապրիլի 19-ին հոր մահվան քառասունքն է եղել, իր հարեւանը 20 հազար դրամ է տվել, հայկական ավանդույթի համաձայն, դա ոստիկանները փորձել էին որպես «ընտրակաշառք» ձեւակերպել:

Ուրեմն այս իշխանությունը, որը վերջին 6-7 ամիսներին զբաղված է պետբյուջեի հաշվին «ընտրակաշառք» բաժանելով, իսկ թոշակների բարձրացումն ու տարեցների վիրահատությունները, արտոնյալ վարկերն ու հարբած վարորդների վկայականների վերականգնումն այլ կերպ չես անվանի, փորձում է ընդդիմությանը մեղադրել ընտրակաշառք բաժանելու համար: Ամեն գնով վերարտադրվելու ցանկությունն այնքան մեծ է, որ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում` տասնյակներով կեղծ գործեր են հարուցում, կալանքի միջնորդություններ են տանում դատարաններ, խեղճուկրակ մարդկանց նկատմամբ անբարո ճնշումներ են գործադրում:

Միաժամանակ ադմինիստրատիվ ռեսուրսի աննախադեպ կիրառում ենք տեսնում, ստի ու կեղծիքի, արգելված քարոզչական հնարքների, անիրականանալի խոստումների մեծ հեղեղ, որը տեղում է ընտրողների գլխին:

Իհարկե, ընդդիմությունն էլ հետ չի մնում` ոսկե սարեր են խոստանում եւ այս իշխանությունների բոլոր ապօրինությունների չեղարկում: Բայց գոնե ընդդիմությունը ստի ու մանիպուլյացիաների նման «պատմություն» չունի իր ետեւից թողած: Եվ աշխարհի բոլոր ընդդիմություններն են խոստումներ տալիս, որ գան իշխանության: Իսկ աշխարհի բոլոր իշխանություններն ընտրությունների շեմին պատասխան են տալիս իրենց արած-չարածի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *