Հովիկ Աբրահամյանը չէր կարող, Ռուստամ Բաքոյանը կարող է. 137 մլն եկամուտն ու կասկածելի կապերը

Հայաստանի քաղաքական դաշտում պաշտոնյաների և պատգամավորների տարեկան ու նախընտրական հայտարարագրերի ուսումնասիրությունը նորանոր բացահայտումների է հանգեցնում։ Այս համատեքստում ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի՝ ԿԸՀ ներկայացրած նոր հայտարարագրի տվյալները։

Ռուստամ Բաքոյանի 2025 թվականի հայտարարագրում նշված է, որ նա ընդամենը մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսական գործունեությունից ստացել է 137 միլիոն 400 հազար դրամ եկամուտ, ինչպես նաև 45 հազար 800 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Բաքոյանը հայտարարագրել է նաև այլ եկամուտներ՝ ԱԺ-ից աշխատավարձ՝ 14,245,740 ՀՀ դրամ, և կենսաթոշակ՝ 636,000 ՀՀ դրամ։

Հատկանշական է, որ ֆինանսական նման թռիչքային աճը Բաքոյանի կենսագրության մեջ արձանագրվել է միայն բոլորովին վերջերս․ նրա 2022-2024 թվականների պաշտոնական հայտարարագրերում գրեթե իսպառ բացակայում է որևէ գյուղատնտեսական կամ ագրարային ծագման եկամուտ։

Հիշեցնենք՝ մինչ «թավշյա հեղափոխությունը» Նիկոլ Փաշինյանը քաղաքական պայքարի կարևոր թեմաներից մեկը դարձրել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եկամուտները։ Այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը գրեթե ամեն ելույթում փորձում էր համոզել հանրությանը, որ պետական պաշտոն զբաղեցնող անձը չէր կարող հարյուրավոր միլիոնների գյուղատնտեսական եկամուտներ ունենալ, և նման թվերը պետք է կասկած հարուցեն։ Այսօր, սակայն, նույն չափանիշները կարծես այլևս չեն գործում։

Հարցն այն է, թե որտեղի՞ց է ստացվել այս ծավալի գյուղատնտեսական եկամուտը։ Եթե նույն պատկերը գրանցված լիներ նախկին իշխանությունների որևէ ներկայացուցչի մոտ, դժվար է պատկերացնել, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչները լուռ մնային։ Սակայն երբ խոսքը վերաբերում է գործող իշխանության պատգամավորին, պետական կառույցների լռությունն ուղղակի «ականջ է ծակում»։

Հայտարարագրում նշված անշարժ գույքը ևս փոքր չէ։ Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է Երևանում բնակարան (55.07 քմ) և Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ավելի քան 322 քառակուսի մետր մակերեսով անհատական բնակելի տուն։ Հայատարարագրում՝ «Շարժական գույք» բաժնում Ռուստամ Բաքոյանի անվամբ պաշտոնապես գրանցված չէ ոչ միայն անձնական ավտոմեքենա, այլև որևէ տեսակի գյուղատնտեսական տեխնիկա։ Ուշագրավ է, որ «Արժեթուղթ և այլ ներդրում» բաժնում ևս որևէ տվյալ առկա չէ։

Կա նաև մեկ այլ հանգամանք, որը հանրային հետաքրքրություն է ներկայացնում։ Բաքոյանի սոցիալական ցանցերի հրապարակումներից երևում է, որ նա բավական ջերմ հարաբերություններ ունի քրեական ենթամշակույթի կրողների հետ կապեր ունեցող և տարբեր ժամանակահատվածներում իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Ջնդի Ամարյանի հետ։

Նշենք, որ Ջնդի Ամարյանը հանդիսանում է Հայաստանի եզդիական համայնքի ճանաչված ներկայացուցիչներից, «Շամս» մարդասիրական և «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունների ղեկավարը, ում անունը մամուլում բազմիցս կապվել է քրեական աշխարհի և տարբեր իրավական միջադեպերի հետ։

Հատկանշական է, որ դեռևս 2016 թվականին, երբ Ջնդի Ամարյանը ձերբակալվել էր շորթման մեղադրանքով (գործը հետագայում կարճվել է), Բաքոյանն ակտիվորեն հանդես էր գալիս նրա պաշտպանությամբ։ Այսօր արդեն իշխանական պատգամավորի և նշված ընտանիքի ջերմ կապերը խոշոր եկամուտների ֆոնին լրացուցիչ հարցադրումների տեղիք են տալիս։

Իհարկե, որևէ մեկի հետ լուսանկարվելը հանցագործություն չէ։ Սակայն երբ խոսքը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին, որոնք մշտապես խոսում են օրինականության, քրեական ենթամշակույթի դեմ ակտիվ պայքարի մասին, նման կապերը նույնպես հանրային քննարկման առարկա են դառնում։

Ի վերջո, հարց է առաջանում. եթե Հովիկ Աբրահամյանը, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, չէր կարող գյուղատնտեսությունից հարյուրավոր միլիոնների եկամուտ ստանալ, ապա ինչո՞ւ Ռուստամ Բաքոյանը կարող է։ Եվ եթե նախկինների դեպքում նման թվերը համարվում էին կոռուպցիոն կասկածների հիմք, ապա ինչո՞ւ նույն չափանիշը չի կիրառվում գործող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։


Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *