«Հրապարակ»․ Փաշինյանը ոսկեպարցիներին հորդորեց հաշտվել 30 մետրից Ադրբեջանը տեսնելու հետ

Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ այնպես է ներկայացնում իր կողմից Ադրբեջանին ՀՀ տարածքների հանձնումը, կարծես թե դա մեծ հաջողություն է` ուղղակի հաղթանակ, որով փրկվել ենք մեծ դժբախտությունից եւ դրախտում հայտնվել։ Մայիսի 29-ին՝ Տավուշում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով Կիրանցից սկիզբ առած Սրբազան պայքարին՝ նա հայտարարել է․ «Եթե մենք 2024 թվականին տրվեինք ճնշումների եւ գնայինք ուրիշ ճանապարհով, մենք այսօր առնվազն Իջեւանի կեսը կորցրած էինք լինելու։ Այն, ինչ որ անում էին, այդ թվում` խաչը դոշներից կախած, դա դավադրություն էր Հայաստանի պետության դեմ։ Այսօր էլ խաչով մարդիկ կան, որ դավադրություն են անում, եթե այդ խաչով մարդկանց հետեւից մեր ժողովուրդը գնար, այսօր Իջեւանի կես տեղով էր անցնելու սահմանը` լավագույն դեպքում։ Իսկ այսօր Իջեւանն ազատ է, այսօր Իջեւանը բարեկեցիկ է, այսօր Գանձաքարում դպրոց կա, այսօր Կիրանցում դպրոց կա, Կիրանցի երեխաներն ապրում են առանց անվտանգության մի մտավախության։ Ասում են՝ ո՞վ է երաշխավորը, ո՞վ է երաշխավորը, ես եմ երաշխավորը»։

Իբր ե՞րբ էր Իջեւանն անազատ եղել, որ Նիկոլ Փաշինյանն այն ազատել է եւ հիմա իջեւանցիներին շնորհավորում է այդ ազատագրման համար։ Փաշինյանը բազում անգամներ դրժել է իր խոստումները, նույն հարցի վերաբերյալ տարբեր ժամանակներում տրամագծորեն հակառակ տեսակետ է հայտնել, նա ինչպես կարո՞ղ է Կիրանցի անվտանգության երաշխավորը լինել:

Մայիսի 30-ին էլ սահմանամերձ Ոսկեպարում հավաքվածներին Փաշինյանը հարցրեց՝ նրանք կարողանո՞ւմ են գնալ Ոսկեպարի եկեղեցի, այն թուրքին չե՞նք տվել։ Ներկա գտնվող ոսկեպարցիները Փաշինյանին չասացին, որ 2024-ին սահմանազատման անվան տակ ապօրինի, միակողմանի կերպով տարածքները հանձնելու հետեւանքով Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է նորահայտ սահմանի ուղիղ եզրին։ Փաշինյանը հայտարարեց, որ ամենակարեւոր գործերից մեկը համարում է սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելը, որպեսզի ոսկեպարցի երեխաների համար կիսատ գործ չթողնեն։ Նա ասաց․ «Սահմանազատման կանոնակարգում մենք գրել ենք, որ տարած․․․ սահմանները… Խորհրդային Միությո՞ւնն ենք վերցնում բազային սկզբունք` Ալմա-Աթիի, այսինքն՝ խորհրդային սահմանը որպես բազային սկզբունք, բայց եթե տեղեր կան մարդկանց կյանքի համար անհարմարություններ ա ստեղծում, ասենք, օրինակ, կտրվում են ճանապարհից, կտրվում են չգիտեմ․․ կոմունիկացիաներից, բնականոն իրենց կյանքից, սահմանի այդ հատվածները պետք ա օպտիմիզացիայի ենթարկենք»։ Եվ չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի օպտիմիզացիա ասելով, ու չբացատրեց, թե ինչպես եղավ, որ 2024-ի գարնանը սահմանազատման անվան տակ Կիրանցի 15 հեկտար հողերը հանձնեցին Ադրբեջանին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատվեց դրանից հետո` նույն թվականի օգոստոսին: Չասաց նաեւ, թե ինչպես եղավ, որ մենք միայն հանձնողն ենք, Ադրբեջանը` ստացողը, երբ բարձրաձայն ասում էին, թե մենք էլ ստանալիք տարածքներ ունենք Տավուշի հատվածում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Փաշինյանն ասաց, որ Ոսկեպարը սահմանազատմանը հավատում է, քանի որ սահմանազատումից առաջ 21 միլիոն դրամ պետական աջակցությամբ գյուղում 2 տուն էին կառուցում, հիմա՝ 50-ից ավելի։ Նա հայտարարեց, որ Կիրանցում կատարված սահմանազատումը, միանշանակ, օգուտ է։ Դա՝ այն դեպքում, որ Կիրանցի 15 հեկտար հողերի հանձնումից հետո աշնանացան ցորենի հեկտարները բազմակի կրճատվել են, գյուղի արոտավայրերի նվազեցումից հետո Կիրանցում պահվող խոշոր եղջերավորների քանակը 40 տոկոսով նվազել է։ Փաշինյանը ոսկեպարցիներին Կիրանցի օրինակով փորձեց համոզել, որ սահմանազատման հետեւանքով Ադրբեջանի` ՀՀ սահմանին մոտենալով անվտանգության համար ռիսկերը չեն մեծանում: Ասաց՝ հիմա 21-րդ դարն է, կապ չունի՝ սահմանից 30 մետր ես հեռու, թե՝ 300 մետր, 30 կիլոմետր, թե՝ 300, սահմանից 1000 կմ հեռու, տանը նստած հեռուստացույց են նայում, պատուհանից ԱԹՍ-ն ներս է ընկնում։ Այսպես նա ոսկեպարցիներին համոզում է, որ հաշտվեն` սահմանազատման հետեւանքով անկլավ հանդիսացող Վերին Ոսկեպարի հանձնումով Ադրբեջանը կարող է իրենցից 30 մետր հեռավորությամբ հաստատվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *