
Ռուսաստանը թույլ չի տալիս Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մուտքն իր տարածք։ ՌԴ ապրանք տեղափոխող բեռնատարի վարորդ Հայկ Գրիգորյանը նշեց, որ ֆուռերի սեփականատերերը, խնդիրներից խուսափելու համար, վերջին օրերին նախընտրում են Հայաստանից որեւէ ապրանք չարտահանել, քանի որ չգիտեն, թե ինչ խնդիրների կարող են բախվել․ «Բոլորս էլ հասկանում ենք, որ առավելագույն եկամուտ ապահովելու համար մեզ ձեռնտու է, որ երկկողմանի փոխադրում իրականացնենք, այսինքն՝ Հայաստանից X ապրանք տանենք Ռուսաստան, բեռնաթափենք եւ Ռուսաստանից մեկ այլ ապրանք բեռնենք ու բերենք Հայաստան՝ մեկ անգամ գնալ-գալու ընթացքում կրկնակի աշխատելով, բայց հիմա նման ռիսկի չենք գնում։ Հայաստանից ամեն ինչ արտահանելը կարող է պրոբլեմատիկ լինել։ Հայ-վրացական սահմանն անարգել անցնում ենք, Վրաստան-Ռուսաստան սահմանի վրացական կողմն անցնում ենք, իսկ Ռուսաստանի անցակետում ամեն ինչ խնդիր է։ Հայաստանից գնացող մեքենաների 99 տոկոսն ուղարկում են խոր զննման, հետո ուղարկում են Չմի գյուղի կայանատեղի, որտեղ օրերով, անգամ ամիսներով սպասում ենք ու վերջում չգիտենք՝ թողնելո՞ւ են, թե՝ ոչ։ Ընդ որում՝ այդ կայանատեղիի համար օրը 2 հազար ռուբլի գումար ենք վճարում։ Հնարավոր է 20 օր հետո ասեն` բեռը չենք ընդունում, ու հետ ուղարկեն, եւ ռուսական սահման հասած բեռների 99 տոկոսի դեպքում հենց այդպես էլ լինում է»։ Ի՞նչ պատճառաբանությամբ են արգելում բեռի մուտքը Ռուսաստան։ «Ամենատարբեր` փոքր թերությունից սկսած, մինչեւ ուղիղ տեքստով ասել, որ եթե ուզում ես իմանալ՝ ինչի ենք մերժում, գնա Փաշինյանին հարցրա։ Դեպք ունենք, որ սառնարան բեռնախցիկով ֆուռի արտաքին մասում փոքր հատված ժանգոտված էր, որը բացառապես արտաքինից էր ու որեւէ խնդիր չէր կարող առաջացնել բեռի հետ, բայց բեռը հետ ուղարկեցին»։
Այս պահին Հայաստանից արտահանման լուրջ խնդիրներ կան պտուղ-բանջարեղենի, հատկապես` ելակի հետ կապված։ Բացարձակ արգելված է կոնյակի, ջերմուկի, գարեջրի ներմուծումը Ռուսաստան․ «Սահմանափակումներ կան՝ կապված ձկան, ծաղիկի, ՀՀ-ում արտադրված էներգետիկ ըմպելիքների, ջրի, ալյումինե ֆոլգաների, տրավերտինից քարե սալիկների ՌԴ ներմուծման հետ»։ Մենք կապվեցինք մի քանի խոշոր արտահանող ընկերությունների հետ, որոնք նշեցին, որ գյուղատնտեսական ապրանքներ այս պահին չեն արտահանում։ Լոգիստիկ «Դավիան գրուպ» ՍՊԸ-ից ասացին, որ վերջին օրերին միայն գազավորված հյութ են արտահանել, որի հետ կապված խնդիր չեն ունեցել, իսկ գյուղապրանքներ չեն արտահանում։
Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Արտահանման սահմանափակումը լուրջ խնդիր է ՀՀ թե՛ արտահանողների եւ թե՛ արտադրողների համար։ Արդեն իսկ հայկական մթերքների պակաս կա` խանութներում ջերմուկ, հայկական ոգելից խմիչքներ, բանջարեղեն արդեն չկան»։