60-օրյա հրադադարն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ շատ փխրուն կլինի

Քաղաքագետ Դմիտրի Բրիջեն կարծում է, որ 60-օրյա հրադադարի մասին հուշագրի ստորագրումն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կլինի շատ փխրուն։ Այն հնարավոր չի լինի համարել լիարժեք խաղաղության համաձայնագիր։ Քաղաքագետը կարծում է, որ դա ավելի շուտ ժամանակավոր ընդմիջում կլինի, սակայն, ամեն դեպքում, բանակցային շրջանակ է, որը պետք է հաստատվի երկրների կողմից։ Իհարկե, դա ռազմավարական կարգավորում չէ։ Բրիջեն նշում է, որ շարունակում են պահպանվել տարաձայնությունները՝ կապված թե՛ նավագնացության, թե՛ միջուկային ծրագրի հետ։ Ժամանակավոր այդ հնարավոր դադարի միակ դրական արդյունքը կարող է համարվել նավթի գների նվազումը, որը, անշուշտ, լինելու է այդ դեպքում։

Ռուսական «Իզվեստիայի» հետ զրույցում քաղաքագետն ասել է, որ Միացյալ Նահանգները ներկայիս իրավիճակում փաստացի ընդունում է, որ առանց Իրանի անհնար է Հորմուզի նեղուցում ապահովել ազատ նավագնացության անվտանգություն։ Խոսքը, ընդ որում, ոչ թե Թեհրանի կողմից նեղուցի ամբողջական վերահսկման իրավունքի ճանաչման մասին է, այլ այն բանի, որ Վաշինգտոնը ստիպված է հաշվի առնել այն, որ Իրանը կարող է նավագնացության համար ռիսկեր ստեղծել, հետեւաբար՝ պետք է վերջինիս հետ պայմանավորվել։ Նույնիսկ ռազմական ուժով ԱՄՆ-ն չի կարողանա ապահովել ազատ եւ անվտանգ նավագնացություն՝ առանց Իրանի մասնակցության՝ նշում է Դմիտրի Բրիջեն։ Միաժամանակ, սահմանափակ է նաեւ հնարավոր պայմանավորվածությունների կայունությունը։ Նույնիսկ այն դեպքում, երբ վառելիքի շուկայում գները սկսեն նվազել, միեւնույն է, շուկան միշտ սպասողական վիճակում է լինելու, քանի որ նման դեպքերում միշտ կա հուշագրի խախտման կամ առոչինչ հայտարարման վտանգ՝ նախքան լիարժեք կարգավորման բանակցությունները կամ ամբողջական կարգավորման փաստաթղթի ստորագրումը։ Բրիջեն նաեւ ասել է, որ այն իրավիճակը, որն այսօր առկա է Մերձավոր Արեւելքում, անխոս, իր ազդեցությունը թողնում է այլ ռեգիոնների վրա` Հարավային Կովկասից մինչեւ Կենտրոնական Ասիա։ Այս իրավիճակը բացասական ազդեցություն զգալիորեն թողնում է նաեւ համաշխարհային տնտեսության վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *