Այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ երեկ Սեյրան Օհանյանի հետ այցելել է կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանին․
«Երբ Սրբազանն իմացավ, որ գալու ենք Տավուշ, որոշեց իր օրհնությունն ուղղակի գրավոր գրել, որը խնդրեց փոխանցեմ․
«Սիրելի հարազատներ, իմ սիրելի տավուշցիներ, սրտի խորքից ողջ սիրով ողջույններ եմ հղում ձեզ մեր պատմության այս վճռորոշ հանգրվանում։ Ես մշտապես ասել եմ, որ դուք հայության ինքնատիպ նկարագիրն եք կրում, և հասել է նաև ժամը ձեր նկարագրին հարազատ, ձեր անվաճառելի խոսքով խոսք ասելու մեր հայրենիքի ազատագրության այս կարևոր փուլում ևս։
Դուք տարիներ շարունակ կյանքով վճարել ու վկայել եք՝ պաշտպանելով մեր երկրի սահմանները, թիկունք լինելով նաև մեր Արցախ աշխարհին։
Դուք կանգնել եք արտաքին թշնամու դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնամու դեմ։
Չեք վախեցել, և ոչ միայն չեք վախեցել, այլև ձեր բազուկը հաղթել է ադրբեջանական հրոսակներին, իսկ այսօր ձեր բազուկը կոչված է վերջ դնելու ներքին ադրբեջանական հրոսակին։ Չեմ ուզում երկար գրել, բայց հիշեք․ մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը պիտի լինի հաղթական։
Եվ դարձյալ ասում եմ․ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի, և հայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի։ Անպայման գնացեք ընտրության, և վստահ եմ՝ կընտրեք Հայաստանը։
Միասին կարող ենք։
Սիրով և աղոթքով, հաղթանակի տեսիլքով հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան»։