
Քաղաքական բովանդակություն կրող քարոզարշավ տեղի չունեցավ, որպես այդպիսին, սա ընդամենը անձերի գաղափարների՝ անձնական գաղափարների ու անձնական ամբիցիաների դրսևորում էր, «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, խոսելով ընտրարշավում բովանդակային խոսույթի ու ծրագրերի քննարկումների մասին:
«Ընտրարշավը բովանդակության տեսանկյունից տապալված է, սա մի շարք մարդկանց խմբերի, այդ մարդկանց շուրջ հավաքված ամբիցիաների ու պրինցիպների մասին մաքսիմալ բարձր գոռում-գոչյունն էր: Ականատես չեղանք գեթ մեկ բանավեճի, գեթ մեկ ֆորմատի, սա վերաբերում է հատկապես Հանրային Հեռուստաընկերությանը, որը հարթակ էր տրամադրում, ոչ մի բովանդակային բանավեճ այնտեղ չի ծավալվել: Ոչ մի ծրագրային դրույթ, ճանապարհային քարտեզ, անվտանգության սեգմենտը հաշվի առնելով` ոչ ոք չի ներկայացրել ելքերը, այս արհավիրքներից դուրս գալու հնարավորությունները, ռեալ չի գնահատել իրավիճակը և իրավիճակից դուրս գալու իրենց գնահատականը, և գործելաոճը, թե ինչ ճանապարհային քարտեզով ու ինչ միջոցներով են երկիրն այս իրավիճակից դուրս բերելու: Այսինքն, սա ընդամենը քաղաքական մցրարշավ է, թե ով կհայտնվի Ազգային Ժողովում, ով կստանա մադատ․ սա ավելի շատ մանդատակռիվ է»,-ասաց Կարապետյանը:
Վերլուծաբանը նշում է, որ առողջ բանավեճ ընթանում էր որոշ կուսակցությունների մեջ, որոնք ունեն որոշակի ծրագրային դրույթներ, բայց իրենք էլ հավանական չէ, որ կհաղթահարեն 4 տոկոսի շեմը: Կարապետյանը շեշտեց, որ պետք է ֆիքսել, որ ընտրարշավը չի ընթանում առողջ միջավայրում: Բացահայտ ռեպրեսիաների, շանտաժների ու ուլտիմատումների ֆոնին է այս ամենը տեղի ունենում, հետևաբար ով, ինչ հնարավորություն ու գործիք ունի գործադրելու, գործադրում են՝ «գոտկատեղից ներքև» հարվածներով՝ անձնական կյանք ներխուժելով, հրապարակելով ստահոդ տեղեկություններ, արհեստական գործերի վարույթներ են բացում, որոնց նպատակը քաղաքական այն լիդերներին, որոնք համաժողովրդական ընկալում ունեն, մաքսիմալ իզոլացնել նրանց քաղաքական դաշտից, մինչև հունիսի 7: «Հասկանալի է, որ իրենք այդ մարդկանց մեջ հստակ վտանգ են տեսնում, հետևաբար ցանկացած գործիք կիրառում են, նաև բարոյականությունից զուրկ քայլեր են անում, որն առաջին հայացքից իրենց դեմ է աշխատելու, որովհետև ժողովուրդը հասկանում է, որ այս իշխանությունը մաքսիմալն է անելու, որ վերարատադրվի՝ ցանկացած գործիքակազմով, այդ ամեն ինչը անելով մաիքսիմալ օրինազանցությունների միջոցով: Մարդկանց անմեղության կանխավարկածը՝ հատկապես քաղաքական լիդերներինը ոտնահարելով, հրապարակելով անգամ փաստեր, որոնց մասով դատարանի որոշում էլ դեռևս չկա: Նաև քաղակտիվիստներին, ինչպիսին Արթուրն է Օսիպյան, իզոլացնել ու ընդհանրապես բոլորին, ովքեր ինչ-որ բան կխոսեն, ինչը կլինի հակաիշխանական կամ կտան սթափ գնահատական ցանկացած իրավիճակի, ցանկացած վարքագծի մասով»:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կհաշտվի ընտրությունների արդյունքների հետ, որոնք չեն պաահովի իր հաղթանակը, վերլուծաբանը նշեց, որ ինքը բացառում է ցանկացած սցենար, որը տանում է այն հանգամանքին, որ Փաշինյանը առողջ դատողությամբ կառաջնորդվի ու կընդունի իր պարտությունն ու կշնորհավորի հաղթող քաղաքական ուժին և կլինի օրենքի սահմաններում իշխանափոխություն: «Ըստ էության, նա ամեն ինչ կտա, որպեսզի վերարտադրվի, առավել ևս, ես միշտ ասել եմ և հիմա էլ եմ կրկնում, որ ինքը գիտակցում է, որ իր մասով և ոչ միայն իր մասով, կա էքզիստենցիալ վտանգ, որովհետև հասկանում է, թե ինչերի տակ է մտնում` եթե իշխանությունը փոխվի: Հետևաբար, միակ փրկությունը, առավել ևս այս Ընտրական օրենսգրքով, որը հնարավորություն է տալիս ոչ թե երեք անգամ, այլ 13-երորդ անգամ վերարտադրվելու, իդեալական կոստյում է, որ կարվել է իր համար, ինքն էլ հագել է ու չի ուզում հանել: Այս տրամաբանության մեջ, ինքը հասկանում է պատճառային հետևանքները, թե ինչ կլինի, եթե հանկարծ ինքն ու իր քաղաքական թիմը չվերաարտադրվեն, որովհետև օրինազանցությունները, սահմանադրության ու օրենքների խախտումները, որ կան, հարյուրապատիկ են, ինքը հասկանում է, որ կրելու իր պատիժը՝ անկախ նրանից, թե որքան է փորձում ցույց տալ, թե դրանից չի վախենում, թե ինքը գիտի, թե բերդն ինչ բան է, պատիժն ինչ բան է, որ իրեն դրանով չեն վախեցնի և այլն: Բայց փաստն այն է, որ նրա տեղը մինիմումը Նաիրի Հունանյանի կողքին է»,-եզրափակեց Դավիթ Կարապետյանը: