Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին, և այնտեղ այդ հարցը քննության է առնվում և համապատասխան որոշում կայացվում. սա է սկզբունքը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով իշխանության կողմից հնչող պնդումներին, որ կաթողիկոսը կուսակրոնության ուխտը խախտել է զավակ ունի։
«Որևիցե առումով ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականները առանձին մեղադրանքների պետք է անդրադարձ կատարեն, պետք է պատասխաններ հնչեցնեն և այլն։ Մեկ ատյան կա, դա եկեղեցական ատյան է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական։ Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ և նրան վերագրվող զանցանքների առնչությամբ։ Այնպես որ, եթե այդպիսի մեղադրանք է հնչեցնում հայոց կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կարգուկանոնը և այդ կարգուկանոնի համաձայն գործի»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ 2018–ին, Նիկոլ Փաշինյանն իր ընտրվելուց հետո այցելում էր Ամենայն հայոց կաթողիկոսին, ո՞ր պահից խզում առաջացավ հայ եկեղեցու, Վեհափառի և գործող իշխանության միջև, ո՞րն էր խզման ու անջրպետի պատճառը, Գարեգին Բ–ն ասաց.
«Ինչպես գիտեք տակավին 2018 թվականին, երբ իշխանության եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գլխավորությամբ տիար Նիկոլ Փաշինյանի, այդ շարժման ընթացքին արդեն ձևավորվեց հակակաեկեղեցական շարժում Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Զավթեցին դիվանատան շենքը, զանազան գործողություններ իրականացրեցին, բայց հետո դադարեց այդ շարժումը և ձևավորվեցին գործնական հարաբերություններ իշխանության հետ։
Կդժվարանամ ասել, թե ինչու և երբ հարաբերությունները լարվեցին եկեղեցու և իշխանության միջև։ Իշխանությունը ունի հստակ մի համոզում, որը արտահայտվել է եպիսկոպոսների հետ վարչապետի հանդիպման ընթացքում վարչապետի կողմից։ Այդ արտահայտությունը հետևյալ է. երբ եկեղեցին պատմության ընթացքում եղել է զորեղ, վտանգ է հանդիսացել հայոց պետականությանը։ Սակայն շարունակվել է մեր աշխատանքը, մեր գործունեությունը, և հանկարծ ինչ-որ պահի գործողություններ են սկսվել Եկեղեցու դեմ կիրառվել։
Ինչպես գիտեք, տարիներ առաջ դուրս դրվեց կրթական ծրագրից Հայ եկեղեցու պատմության առարկայի ուսուցումը։ Ամիսներ առաջ դադարեցվեց բանակում հոգևոր առաջնորդության գործունեությունը։ Խոչընդոտվեց եկեղեցու սպասավորների ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում։ Արգելվեց հեռարձակումը «Շողակաթ» հեռուստատեսության։ Այս բոլոր դժվարությունները, չգիտեմ, եթե նաև ինչ-որ չափով պայմանավորված են մեր կողմից դրսևորված այն մոտեցման հետ, որ մենք Արցախից տեղահանված մեր զավակների իրավունքների պաշտպանության հարցն ենք բարձրաձայնում տարբեր մակարդակների վրա, ինչպես նաև գերեվարված մեր զավակների և մեր հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման հարցերի առնչությամբ»։