Պապն ու թոռը (նախընտրական) – Հրապարակ

Արա բիձե՞ք, հլա եկեք ստեղ, բան եմ ասում: «Բիձա» բառից էլ չնեղվեք, որովհետեւ մի բիձա էլ ես եմ՝ ձեր օրին, ու դեռ երեւի ձեզնից էլ ավելի վատ օրի: Եկեք մի քիչ զրից անենք մեր գլխին գալիքի մասին: Չեմ ասում՝ մեր ապագայի, որովհետեւ մեզ քիչ ժամանակ է մնացել, իսկ էդ անտեր ապագան ամեն օր չէ, որ գալիս է: Տարիներով պիտի սպասես…
Եվ, ուրեմն, մեր երկրում իշխանափոխության ամենամեծ պրոբլեմը մենք ենք համարվում: Դա գիտեն թե՛ ընդդիմադիրները եւ թե՛ իշխանությունները: Ընդդիմադիրները մտածում են, որ մենք 10 հազարով բարձրացած թոշակի ու «քեշբեքի» սիրուն, ձայն ենք տալու Նիկոլին, Նիկոլն էլ մտածում է՝ ոնց անի, որ մենք չգնանք ընտրությունների ու սխալմամբ՝ քոռ-քոռ ուրիշ քվեաթերթիկ չդնենք ծրարի մեջ: Իսկ մենք քիչ չենք, մոտ 600 հազար, ինչը լիուլի բավարար է ընտրություններում նժարն այս կամ այն կողմ թեքելու համար: Այսինքն՝ մենք իսկապես պրոբլեմատիկ ենք, բայց դրա հետ մեկտեղ պատասխանատու՝ ընտրությունների ելքի, հետեւաբար՝ նաեւ երկրի ապագայի համար:

Հիմա ուշադիր լսեք: Թոշակառու լինելուց առաջ մենք հայ ենք, ճի՞շտ է: Դե ուրեմն էլ խաղեր չտաք Նիկոլի հայատյաց քարոզիչների առաջ, երբ նրանք սկսեն ձեր երեսով տալ թոշակների 10 հազարով բարձրացումն ու քեշբեքը: Անձամբ ես, երբ մեր տուն որեւէ ՔՊ-շնիկ է գալիս, օրինակ, սոցապի Արսենը, եւ սկսում է քարոզել, թե տեսա՞ր Նիկոլը ոնց բարձրացրեց թոշակները, ես նրան ասում եմ (հո պառավ-մառավ չկա՞ լսող)՝ ս..րդ քաշի, գնա, էլ այստեղ չերեւաս: Ու թող փորձի դրանից հետո հակաճառել՝ 10 հազար, քեշբեք… Չեք ամաչո՞ւմ, արա, 10 հազար փող եք տվել՝ դարձրել Հոռոմի էն իքը… Էն էլ իսկի չեք տվել: Քարտի վրա թիվ եք նկարում, հետո այդ թիվը 2 օրում տանում ինձնից: Դուք խանութ մտնո՞ւմ եք, գները տեսնո՞ւմ եք: Հացը, որ 180 դրամ էր, այսօր 270-300-ով եմ առնում, միսը, կարագը, պանիրը, կաթը, ձուն… Ո՞ր մեկն ասեմ: Տո այ ուռոդ, երեխեն դրսից մի երկու կոպեկ է ուղարկում, դա էլ եք ձեռքիցս տանում ձեր սահմանած դոլարի կուրսով: Դոլարը 500-ից իջեցրել եք 360 դրամ: Ամեն մի դոլարի մեջ 140 դրամ թալանում եք ու դեռ քեշբեքի՞ց եք խոսում: Հը, բիձեք, բոլորիդ մոտ էլ նույն վիճակն է, չէ՞: Բա էլ ինչո՞ւ եք այդ 10 հազարի համար կպել Նիկոլի… Հիմա ասել էի՝ որ տեղերից: Մոռացա էլ հարցնեմ՝ Լառնակա գնացող եղա՞վ ձեզնից: Չի հերիքո՞ւմ… ո՞վ է մեղավոր:
– Ուստա Համո, հլա դու խոսիր, պատմիր, թե ինչքանով է բարձրացել կենսամակարդակդ:
– Կենսամակարդակս չգիտեմ, բայց տարիքս բարձրացել ա, դառա 65, ձրի բուժում, բան-ման:
– Յա՜ա՜ա՜… Տղերք, լսեցի՞ք ինչ ասաց ուստա Համոն:
– Հա դե էշ-էշ խոսում է, էլի: Տո այ Համո, վերջին անգամ մեզդ ե՞րբ ես տարել անալիզի, ձրի՞ էր…

Տղերք ջան, կռիվ մի արեք իզուր: Լսեք, թե ինչ եմ ասում: Ով դեռ 65 չկա, թող չշտապի: 65-ի հետ կապված այդ ամեն ինչը (պառավ-մառավ չկա, չէ՞) ջեբտռոցի է: Ես սա ձեզ ասում եմ որպես 65-ի շեմին կանգնած եւ հայ-հայ է ներս մտնող թոշակառու: Ձրի բանը, դուք ինձնից լավ գիտեք, թակարդի մեջ է լինում միայն… Մանավանդ՝ ընտրությունների նախօրյակին: ԲԿ-ներն արդեն բունտ են անում 65 տարեկան մարդ տեսնելիս: Բժիշկների ժամը չի հերիքում, աշխատավարձերը նվազել են, դեղի շուկան պայթել է, գները թռել են երկինք… Մեզ ոչ ոք չի սիրում արդեն, բոլորին թվում է, թե իրենց հաշվին ենք մենք «ձրի» բուժում ստանում ու «ձրի» դեղ: Բոլորդ էլ գիտեք, որ գրի-մրի հետ ես մի քիչ սեր ունեմ: Անահիտ Ավանեսյանին գրեցի՝ տիկին, ի՞նչ հաշվարկներ կան այս օյինբազության տակ, ձրի՝ այսինքն ձրի՞, թե՞ էլի մի բան մոգոնել եք քարոզչական նպատակներով: Գիտե՞ք, թե ինձ ինչ պատասխանեցին: Ինձ ասին՝ Անահիտ Ավանեսյանն արձակուրդ է, Նիկոլի հետ գնացել է քարոզարշավի՝ սրտիկ-մրտիկ անելու: Արսեն Թորոսյանին դիմեցի: Նա էլ տեղում չէր, բայց տարածքում էր եւ հասցրեց տրտնջալ մեզնից, թե երկար ենք ապրում, բեռը մեծ է, ֆլան-ֆստան: Բայց երբ զոռեցի, իրեն կորցրեց. «Դուք խի՞ եք այդքան երկար ապրում, արա, դուք ընդհանրապես խի՞ եք կենդանի…»:
– Էդ խոսքերը Նիկոլն ա ասել…
Ի՞նչ տարբերություն, ուստա Համո, թե ով ա ասել: Նույնն են՝ Նիկոլ, Արսեն Թորոսյան, Անահիտ Ավանեսյան… Դաժե Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանն են Նիկոլ, որոնք դեռ շատ հեռու են 65-ից:
Ուստա Համոն, թե՝ ասածդ ի՞նչ ա, գնանք նախկինների՞ն ձեն տանք…
– Համո, ես քեզ չեմ ասում՝ գնա, նախկիններին ձայն տուր: Ես ասում եմ՝ սրանք 10 հազարով թոշակդ բարձրացրել են, բայց 20 հազար են քերթում արդեն, 65-երի բուժումը «ձրի» են դարձրել, որ այնքան վազես բժշկի, մինչեւ հերթի մեջ մեռնես ու 66 չդառնաս:
Ինչեւէ, բիձեք, առաջարկում եմ թոշակի թեման փակենք: Իշխանափոխությունից, այսինքն ՝ՔՊ-ին ռադ անելուց հետո ոչ մի նոր իշխանություն ձեր 10 հազարները չի խլի ձեզնից: Սա հաստատ իմացեք: Ավելին ասեմ՝ ընդդիմադիր առնվազն 3 ուժ խոստացել է ոչ միայն բարձրացնել թոշակը, այլեւ ինդեքսավորել, ինչը նշանակում է, որ գների թռիչքը չի ազդի մեր՝ թոշակառուներիս կենսամակարդակի եւ, առհասարակ, մակարդակի վրա: Մինչդեռ Նիկոլի կողմից թոշակների հաջորդ բարձրացմանը ստիպված ենք լինելու երկար, շատ երկար սպասել:

Դե իսկ հիմա՝ կարեւորի մասին: Ձեր մեջ մարդ կա՞, որ բերկրանք չի ապրում, երբ իր թոշակից մի բան է առնում թոռան համար՝ գրիչ, տետր, քաղցր… Իմացեք, ուրեմն, որ այս ընտրությունները ոչ թե մեր մասին են, այլ մեր երեխաների եւ թոռների, որ դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու՝ մինչեւ պապիկ-տատիկ դառնալը: Այս ընտրությունները ոչ թե մեր թոշակի չափի, այլ մեր երեխաների ու թոռների՝ հայրենիք ունենալու, իրենց տանն ապրելու իրավունքի մասին են: Ո՞նց է մեր կոկորդով կուլ գնալու այն 10 հազար դրամը, որ շպրտել են մեզ՝ մեր երեխաների ու թոռների հայրենիքը, տունը, ապագան մեր ձեռքով խլելու համար: Կներեք ինձ, բիձեք ջան, բայց ես, որ մի ոտս այստեղ է, մյուսը՝ այնտեղ, չեմ կարող իմ կոտրած ձեռքով քվե տալ խաբեբաների, աֆերիստների եւ օտարների այս իշխանությանը:
Հասկացա՞նք իրար…
ՀԳ. Այսօր, վաղը հունիսի թոշակը կնստի քարտերին: Դա մեր հալալ քրտինքն է եւ ոչ թե Նիկոլի բարեգթության արգասիքը: Եվ, ուրեմն, հունիսի 7-ին, թոռնիկի ձեռքից բռնած, դուրս ենք գալիս տնից, գնում ընտրատեղամաս եւ ընտրում մեր թոռնիկի համար: Դե իսկ վերադարձին… վերադարձին արեք այն, ինչ պապութոռան մտքով կանցնի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *