Իրանի Պարսից ծոցի վերահսկողության վարչությունը շուրջօրյա ռեժիմով Հորմուզի նեղուցով անցման թույլտվություններ է տրամադրում:
Այս մասին հայտնել է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։
Նշվում է, որ նավի սեփականատերը կամ նավապետը օրվա ցանկացած ժամի կարող է դիմել կառույցին, համակարգը կքննարկի հայտը, և հավանության դեպքում անմիջապես թույլտվություն կտրվի:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանի իշխանությունների թույլտվությամբ Հորմուզի նեղուցով անցել է 24 նավ:
Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ համաշխարհային էներգետիկայի առանցքային տրանսպորտային միջանցքներից մեկը։ Այնտեղով դեպի համաշխարհային շուկաներ անցնում է Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային ծովային մատակարարումների զգալի մասը։