Բանավեճ չէր, փողոցային խոսակցություն էր․ հարցում

Երեկ՝ հունիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած նախընտրական բանավեճը հանրային լայն արձագանք է ստացել։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հետաքրքրվել է՝ քաղաքացիները դիտե՞լ են բանավեճը և ի՞նչ տպավորություններ են ստացել։

«Բանավեճ չի կարող լինել, եթե մեկը ասելիք չունի, մյուսն ասում է՝ ինչ կա։ Դա բանավեճ չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հարցված քաղաքացիներից մեկը։

Հարցվածների մի մասը նշեց, որ հետևել է քննարկմանը, սակայն ընդհանուր տպավորությունը դրական չէ։

«Տպավորությունս այդքան էլ լավ չէ»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ դժվարանում է հստակ ձևակերպել պատճառները։

Մեկ այլ քաղաքացի, որը դիտել էր բանավեճը, նշեց.

«Չկա նորմալ բան։ Չէին կարող իրար հետ խոսել։ Ահավոր էր։ Գրագետ մարդկանց տպավորություն չթողեցին։ Ոնց որ փողոցային խոսակցություն լիներ։ Իրար չէին թողնում մինչև վերջ խոսել, անընդհատ ընդհատում էին»։

Մեկ այլ հարցված էլ կարծիք հայտնեց, որ քաղաքական ուժերի միջև առկա հակասությունները խանգարում են միասնական աշխատանքի ձևավորմանը.

«Ամոթ է, մի ազգ ենք, հայ ենք։ Ամեն մարդ իրեն է քաշում։ Ղեկավարությունը պիտի համախմբվի, ընդհանուր հայտարարի գա։ Մեղք է մեր ժողովուրդը։ Աթոռի կռիվ են անում, փող, փող, փող»։

Քաղաքացիներից ոմանք բացահայտորեն խոսեցին քաղաքական գործիչների նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։

«Ես Քոչարյանի անունը ընդհանրապես չեմ ուզում լսել»,- ասաց հարցվածներից մեկը։

Մյուսը նշեց.

«Սաղ էլ մեկ են։ Բոլորն էլ իրենց պաշտոնների համար են»։

Միաժամանակ եղան քաղաքացիներ, որոնք կարևորեցին հենց բանավեճի անցկացումը՝ անկախ դրա որակից։

«Դրական եմ գնահատում։ Բանավեճ պետք էր, որպեսզի ժողովրդին պարզ լինի՝ ով ինչպես է մտածում, ինչպես է շնչում։ Մարդիկ պիտի ճիշտ ընտրություն կատարեն»,- ասաց տարեց մի քաղաքացի, ապա նաև ընդգծեց ընտրություններին մասնակցելու կարևորությունը.- «Եթե բոլորս նստենք տանը, ձեռքներս ծալած, չենք կարող օգնել Հայաստանի ղեկավարության ընտրությանը։ Շատ կարևոր պատմական պահ է»։

Հարցվածներից մի քանիսը խոստովանեցին, որ ընդհանրապես չեն հետևում քաղաքական գործընթացներին։

Մանրամասները՝ տեսանյութում:


Մերի Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *