Հունական նավագնացության մագնատ Էվանգելոս Մարինակիսը հայտարարել է, որ պատրաստ է Իրանին տարանցիկ վճար վճարել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, եթե դա օգնի ապահովել կայուն և անվտանգ նավագնացություն։ Ըստ նրա՝ նման վճարը կարող է փոխհատուցել այն «վնասը», որը հասցվել է Իրանին ամերիկա-իսրայելական հակամարտության հետևանքով։
«Ինձ համար ավելի լավ է վճարել 100–200 հազար դոլարի վճար՝ կախված բեռի կամ նավի չափսից, քան բախվել այս բոլոր խնդիրներին»,- երեքշաբթի Աթենքում անցկացվող Posidonia ցուցահանդեսի շրջանակում TradeWinds News ֆորումի ժամանակ հայտարարել է Մարինակիսը։
Նա հավելել է, որ նման «տարանցիկ վճարից» ստացված միջոցները կարող են «ծածկել մինչ այժմ տեղի ունեցածի ամբողջ վնասը»։
Մարինակիսը տնօրինում է ավելի քան 150 նավ՝ ներառյալ լցանավեր, LNG գազատարներ և խուռնաբեռնիչ նավեր՝ բալկերներ, ինչպես նաև Nottingham Forest և Olympiacos ֆուտբոլային ակումբները։ Նրա հայտարարությունը հակասում է Դոնալդ Թրամփի վարչակազմի և Հունաստանի կառավարության դիրքորոշմանը։
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Financial Times-ին հայտնել էր, որ Իրանը չպետք է վճար սահմանի ռազմավարական ջրային ուղով անցնելու համար։ Հույն նավատերերը վերահսկում են համաշխարհային առևտրային նավատորմի մոտ 20%-ը։
Մեկ այլ խոշոր հույն նավատեր՝ Ջորջ Պրոկոպիուն, նույն համաժողովում հայտարարել է, որ Հունաստանի նավաստիները պատմականորեն «ճեղքել են շրջափակումները» և դեմ է արտահայտվել տարանցիկ վճարների ներդրման ցանկացած փորձի։
Ավելի վաղ Պրոկոպիուի Dynacom ընկերությունը, ըստ աղբյուրների տվյալների, նավեր էր ուղարկում Հորմուզի նեղուցով նույնիսկ հակամարտության ընթացքում՝ օգուտ քաղելով նավավարձի դրույքաչափերի աճից։