Լևոն Պապն առաջին աշխարհիկ կնոջն է նշանակել Վատիկանի առանցքային պաշտոնում

Լևոն Պապն առաջին աշխարհիկ կնոջն է նշանակել Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կառավարման կառուցվածքի բարձրագույն ղեկավար պաշտոնում։

Մարիա Մոնսերատ Ալվարադոն, որը ներկայում գլխավորում է ԱՄՆ-ում տեղակայված EWTN News կաթոլիկ մեդիան, կդառնա Վատիկանի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավարը։ Ստորաբաժանումը ստեղծել էր հանգուցյալ Ֆրանցիսկոս պապը 2015 թվականին և պատասխանատու է Վատիկանի լրատվական կայքի, ռադիոկայանի, թերթի, մամուլի ծառայության, հրատարակչության և կինոարխիվի աշխատանքի համար։

Մեխիկոյում ծնված և 2008 թվականին ԱՄՆ քաղաքացիություն ստացած Ալվարադոն կստանձնի պարտականությունները նոյեմբերի 1-ից՝ փոխարինելով թոշակի անցնող Պաոլո Ռուֆինիին, ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։

Թեև միանձնուհիներն ու աշխարհիկ կանայք արդեն իսկ զբաղեցրել են ազդեցիկ պաշտոններ Հռոմեական կուրիայում, Ալվարադոն, ըստ Vatican News-ի տվյալների, դարձել է «առաջին չձեռնադրված կինը, որը նշանակվել է Սուրբ Աթոռի դիկաստերիայի պրեֆեկտ»։

Հայտարարության մեջ Ալվարադոն նշել է, որ նշանակումն իր համար «անսպասելի» էր, սակայն նա ընդունում է այն «Սրբազան Հորը նրա քահանայապետության սկզբում ծառայելու անկեղծ ցանկությամբ»։

Ալվարադոյի նշանակումը դիտարկվում է որպես Ֆրանցիսկոսի որդեգրած կուրսի շարունակություն, որն իր 12-ամյա քահանայապետության ընթացքում ընդլայնում էր կանանց մասնակցությունը Վատիկանի կառավարմանը և աշխարհիկ կանանց նշանակում բարձր պաշտոններում։

Իր մահվանից առաջ՝ վերջին ամիսներին, Ֆրանցիսկոսը երկու միանձնուհու՝ Ռաֆաելլա Պետրինիին և Սիմոնա Բրամբիլային, նշանակել էր ղեկավար պաշտոններում՝ միևնույն ժամանակ քննադատելով կաթոլիկ եկեղեցու ներսում տիրող «շովինիստական մենթալիտետը»։

Ալվարադոն նախկինում լրատվական հաղորդավար է աշխատել EWTN-ում և 2023 թվականից զբաղեցնում էր մեդիացանցի նախագահի և օպերացիոն տնօրենի պաշտոնը։ Ֆրանցիսկոս պապը նախկինում քննադատել էր այս ցանցը՝ դրա հաղորդումների պատճառով, որոնք երբեմն հանդես էին գալիս նրա քահանայապետության քննադատությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *