Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել են մասնագիտական քննարկումներ և վերապատրաստումներ

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շաբաթների ընթացքում իրականացվել է մասնագիտական վերապատրաստումների և աշխատանքային քննարկումների շարք՝ ուղղված ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ ապահովմանը և Պաշտպանի մանդատի պատշաճ իրագործմանը։

Վերապատրաստումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակին, այդ թվում՝ այն դեպքերին, երբ առկա են Պաշտպանի միջամտության և արձագանքման իրավական հիմքերը, ինչպես նաև այն իրավիճակներին, որոնք գտնվում են այլ պետական մարմինների իրավասության տիրույթում։ Քննարկվել են քաղաքացիների դիմումների և ահազանգերի ընդունման, պատշաճ ընթացքավորման, անհրաժեշտության դեպքում՝ իրավասու մարմիններին ուղղորդման և դրանց վերաբերյալ հետագա մշտադիտարկման արդյունավետ մեխանիզմները։

Քննարկվել են նաև ընտրական գործընթացների ընթացքում պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության մեխանիզմները, այդ թվում՝ համագործակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների և այլ իրավասու կառույցների հետ՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով։

Վերապատրաստումների շրջանակում հատուկ շեշտադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության ապաքաղաքական և անկախ բնույթը, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացման հետ կապված հարցերի վերաբերյալ արագ և արդյունավետ արձագանքման կարևորությունը։

Մասնագիտական վերապատրաստումների և աշխատանքային քննարկումների նպատակն է բարձրացնել աշխատակազմի մասնագիտական կարողությունները և ապահովել ընտրական գործընթացների ընթացքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործառույթների առավել արդյունավետ իրականացումը՝ Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *