ԱԳ փոխնախարարը Մադրիդում ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Մադրիդում հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսի հետ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԱԳՆ–ից։

«Ի շարունակություն այս տարի մարտին Անդորրայում տեղի ունեցած հանդիպման՝ զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության միջև առկա համագործակցությունն առավել զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը և քննարկել են ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Կազմակերպության կողմից ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը: Ընդգծվել է բժշկական զբոսաշրջության ոլորտում Հայաստանում առկա ներուժի լիարժեք կիրարկման կարևորությունը:

Անդրադառնալով Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին` կարևորվել է ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության ակտիվ ներգրավվածությունը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *