Ամենակարևորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս է եկել հարատև հակամարտության թակարդից։ Այս մասին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ հունիսի 3-ին հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Այո՛, ես այն մարդն եմ, ով ասել է՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Դա նրանից էր, որ ես հավատարիմ էի այն գաղափարին, որով մեզ կերակրել են 30 տարի շարունակ։ Բայց ես գնացի այդ ճանապարհով ու տեսա, և ամենայն անկեղծությամբ ասացի, որ մենք իրավունք չունենք այս հակամարտությունը, այս արնահոսող վերքը փոխանցել հաջորդ սերունդներին։ Մենք պետք է մեր երեխաներին խաղաղություն փոխանցենք։ Ես գնացի այդ խնդրի հետևից բոլոր հնարավոր ճանապարհներով ու տեսա, որ դա գայթակղություն է, տեսա, որ դա թակարդ է։ Եվ այո՛, հենց ես ցուցաբերեցի այդ համարձակությունը և ժողովրդին ասացի, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, որ մենք պետք է կանգ առնենք ու չշարունակենք «Ղարաբաղյան շարժումը»։ Դրա շնորհիվ է, որ մենք հիմա ավելի շատ ենք պետություն, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի պաշտպանված ենք, քան երբևէ, և ավելի բարեկեցիկ ենք, քան երբևէ»,- հայտարարել է Փաշինյանը՝ առաջին շարքերում գտնվող երեխաների հավանություն տվող բացականչությունների ներքո, որոնք հավաքվել էին վարչապետի քարոզչական պիկապի մոտ։ Պիկապը կառավարության ղեկավարի համար ծառայել է որպես ինպրովիզացված բեմ։
Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է հաստատված։ «Եվ ես շնորհավորում եմ բոլորիդ այս առթիվ՝ հաստատված խաղաղության համար։ Արդեն երկու տարի է, ինչ մեր սահմաններին զոհեր ու վիրավորներ չկան։ Եվ սա մեր զոհերի հիշատակի մեծագույն հարգանքի դրսևորումն է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։
Նրա համոզմամբ՝ Ղարաբաղյան շարժման շարունակությունը կհանգեցներ միայն նոր զոհերի, նոր պատերազմների և, ի վերջո, հայկական պետականության կորստի։ «Մենք ազատագրել ենք, ես ազատագրել եմ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ես դա համարում եմ իմ մեծագույն ծառայությունը՝ մատուցված Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։