Նախընտրական շրջանում ակտիվիստի նկատմամբ քրեական հետապնդումը մտահոգություններ է առաջացնում. հայտարարություն

ՔՀԿ չափիչն անդրադարձել է քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի ձերբակալությանը և քրեական հետապնդմանը։ Տարածված հայտարարությունում ասվում է. «Արցախից տեղահանված քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանը ձերբակալվել և քրեական հետապնդման է ենթարկվել վարչապետի հետ սուր բանավեճից հետո։ Նա այժմ հացադուլի մեջ է, իսկ քաղաքացիական քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խումբը չի կարողանում այցելել նրան։

Սուր քաղաքական բանավեճից հետո ակտիվիստը ձերբակալվել և քրեական հետապնդման է ենթարկվել

2026 թվականի մայիսի 18-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանդիպման ընթացքում սուր բանավեճ է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից (Լեռնային Ղարաբաղից) տեղահանված քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև։ Միջադեպից հետո Օսիպյանը արագ հեռացվել է տարածքից, իսկ հետագայում ձերբակալվել։

Միջադեպի ընթացքում հնչած արտահայտությունները, ինչպես նաև սոցիալական ցանցերում Օսիպյանի կողմից արված գրառումները պարունակել են կոշտ բնույթի ձևակերպումներ։ Միևնույն ժամանակ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշում են, որ նրա հարցադրումները վերաբերում էին հանրային և քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Արցախի լուծարմանը նախորդած շրջանում կոռուպցիայի և կառավարման վերաբերյալ քննադատությանը։ Վարչապետի արձագանքը ևս սուր է եղել՝ Օսիպյանի հասցեին հնչած վիրավորական և նվաստացնող արտահայտություններով։

Դեպքից հետո Օսիպյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական հայտարարության համաձայն՝ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի դրույթներով, այդ թվում՝ բռնության հրապարակային կոչերի կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելու համար։Այնուհետև դատարանը որոշում է կայացրել Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանք՝ միաժամանակ սահմանելով տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելք։

Քաղաքացիական հասարակության գնահատմամբ՝ ակտիվիստի հայտարարությունները տեղավորվում են քաղաքական քննադատության շրջանակում

«Ականատես» դիտորդական առաքելությունըիրավապաշտպան կազմակերպություններըհանրային գործիչները և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրապարակայնորեն մտահոգություն են հայտնել այս գործի վերաբերյալ՝ նշելով, որ թեև Օսիպյանի հայտարարությունները կոշտ են եղել, դրանք պետք է դիտարկվեն քաղաքական քննադատության շրջանակում։

Նրանց գնահատմամբ՝ անհրաժեշտության դեպքում այդ հայտարարությունները կարող էին քննվել վիրավորանքի և զրպարտության համատեքստում՝ քաղաքացիաիրավական կարգով, այլ ոչ թե դառնալ քրեական ծանր մեղադրանքների հիմք։ Բացի այդ, ՔՀԿ-ներն ահազանգում են, որ նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառելը կարծես միտված է Օսիպյանի հրապարակային և քննադատական խոսքն ու քաղաքացիական գործունեությունը սահմանափակելուն և պատժելուն, այլ ոչ թե օրենքով նախատեսված իրավաչափ նպատակներ հետապնդելուն։ Ըստ նրանց՝ ներկայացված հանգամանքները բավարար հիմք չեն հանդիսանում Օսիպյանի հայտարարությունները որակելու որպես խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում կամ բռնության հրապարակային կոչեր։ ՔՀԿ-ները նաև մտահոգություն են հայտնել, որ գործը քննելիս քննչական մարմիններն ու դատարանը բավարար չափով չեն առաջնորդվել օրինականության, համաչափության և իրավունքի գերակայության սկզբունքներով։

Այս դեպքը մտահոգություններ է առաջացնում քաղաքական խոսքի քրեականացման և ընտրովի արդարադատության վերաբերյալ

Տվյալ դեպքը հատկապես մտահոգիչ է խոսքի ազատության տեսանկյունից, քանի որ ժողովրդավարական չափանիշների համաձայն՝ քաղաքական խոսքը պաշտպանվածության բարձր աստիճան ունի (ինչը նշված է, օրինակ, մի շարք միջազգային կազմակերպությունների համատեղ հռչակագրում)։ Հանրային պաշտոնյաները, հատկապես բարձրաստիճան քաղաքական առաջնորդները, պետք է պատրաստ լինեն հանդուրժելու քննադատության ավելի բարձր աստիճան, այդ թվում՝ այնպիսի խոսք, որը կարող է լինել սադրիչ, կոշտ կամ անհանգստացնող։

Քաղաքական բանավեճում առճակատմանն ի պատասխան քրեական հետապնդման և նախնական կալանքի կիրառումը կարող է զսպող ազդեցություն ունենալ հանրային բանավեճի վրա։ Սա հատկապես զգայուն է նախընտրական շրջանում, երբ քաղաքացիները, ակտիվիստները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է կարողանան քննադատություն հնչեցնել քաղաքական առաջնորդների և իշխող կուսակցությունների հասցեին՝ առանց անհամաչափ պատժամիջոցների վախի։

Այս դեպքը նաև հիմք է հանդիսանում քրեական իրավունքի ընտրովի կամ քաղաքական շարժառիթներով կիրառման վերաբերյալ մտահոգությունների համար, հատկապես երբ այն կիրառվում է քննադատական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ։ Խնդիրն ավելի է ընդգծվում այն հանգամանքով, որ Օսիպյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ վարչապետի սուր արձագանքի կամ պաշտոնյաների կողմից ոչ պատշաճ բառամթերքի կիրառման այլ դեպքերի վերաբերյալ համարժեք քննություն, կարծես, չի իրականացվել։

Արթուր Օսիպյանը ներկայումս հացադուլի մեջ է՝ ի նշան բողոքի առաջադրված մեղադրանքների դեմ, որոնք նա որակել է որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված։ Նա հրաժարվել էhttps://panarmenian.net/m/eng/news/333404 հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին, իսկ քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խումբը չի կարողանում այցելել նրան՝ այցելությունների արգելքի պատճառով։ Սա իրավիճակը դարձնում է հատկապես հրատապ՝ մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Մի շարք ՔՀԿ-ներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Օսիպյանի կալանքը և կոչ են արել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և միջազգային կազմակերպություններին դիմել Հայաստանի կառավարությանը՝ Արթուր Օսիպյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով։

Սկզբնաղբյուրը՝ ՔՀԿ չափիչի կայքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *