Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի հայրը 16 մլն դրամանոց Toyota է գնել իր որդու տեղակալի կնոջից

Հեղափոխությունից հետո ազնվության, թափանցիկության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին խոսող իշխանության ներկայացուցիչները շարունակում են հայտնվել պաշտոնական հայտարարագրերով հիմնավորված սկանդալային պատմությունների կենտրոնում։

Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում արտացոլված տվյալները հետաքրքիր փոխկապակցումներ են բացահայտում նրանց ընտանիքների միջև իրականացված գործարքների վերաբերյալ, որն ավելի շատ գույքային փոխանցումների սխեմա է հիշեցնում։

Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարագրային տվյալների համաձայն՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանի 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում նշված է, որ նրա հայրը՝ Մանվել Հակոբյանը, ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա՝ 16 միլիոն դրամ արժեքով։

Ուշագրավ է նաև այն, որ այս գործարքի մյուս կողմը եղել է ՊԵԿ նույն վարչության պետի տեղակալ Բաբկեն Կարախանյանի կինը՝ Օֆելյա Սուլթանյանը։ Այսինքն՝ հայտարարագրերից հետևում է, որ վարչության պետի հայրը 16 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան գնել է իր անմիջական ենթակայի կնոջից։

Ստացվում է բավականին արտասովոր իրավիճակ․ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի ընտանիքը 16 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա է փոխանցում նույն վարչության պետի ընտանիքին՝ փաստաթղթերում դա ներկայացնելով որպես առքուվաճառք։

Հետաքրքրական է նաև, որ հայտարարագրային տվյալներում Օֆելյա Սուլթանյանի անունը հանդիպում է մեկ այլ դրվագում։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ «Վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում» տողով Օֆելյա Սուլթանյանը գրասենյակային տարածք է տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի դիմաց ստացել է ընդամենը 18 հազար դրամ վճար։

Գործարքի գինը ծիծաղելի է։ Ընդամենը 18 000 դրամով իշխող քաղաքական ուժին տարածք տրամադրելը ողջամիտ կասկած է առաջացնում, որ սա քաղաքական հովանավորչության և ստվերային աջակցության օրինակ է, ինչն էլ թերևս բացատրում է, թե ինչու է նրա ամուսինը՝ Բաբկեն Կարախանյանը, զբաղեցնում ՊԵԿ գերեկամտաբեր վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Հայտարարագրի հաջորդ բաժնից պարզ է դառնում, որ տեղակալի կինը՝ Օֆելյա Սուլթանյանը, հանդիսանում է ՀՀ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի աշխատակից, որտեղից ստացել է 3 միլիոն դրամ աշխատավարձ։

Չնայած դպրոցի համեստ աշխատանքին՝ նրա տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է աստղաբաշխական 68 մլն դրամ, որի մեջ մտնում է նաև «ԱՐԲԱ» ընկերությունից ստացված ավելի քան 7 մլն դրամ շահաբաժինը։

Թե ինչպես կորակեր այս ամենը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից քննադատում էր նախկինների կասկածելի սխեմաները, թողնում ենք ընթերցողի երևակայությանը։

Իսկ այսօր փաստաթղթերը հիմք են տալիս ենթադրելու, որ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանի ընտանիքը հիրավի «երջանիկ» է հեղափոխության արդյունքում և արձանագրում է բարեկեցության ցուցանիշներ։


Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *