Գերիներին հետ բերեք, Մանուկյան Դավիթը մեր հրամանատարն էր. ծովակցու խոսքը՝ Փաշինյանին

Հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ընթացող քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը Բաքվում ապօրինաբար պահվող գերիների ճակատագրի մասին հարց ուղղեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Հարցը հնչեցնելու պահին Հայաստանի կառավարության ղեկավարն անցավ ոտքի վրա հյուրասիրությանը՝ մոտենալով նախապես պատրաստված տաղավարին, որտեղ տեղադրված սեղանին մատուցված էին տարբեր կերակրատեսակներ ու ըմպելիքներ։

«Պարո՛ն վարչապետ, եթե գերիների հարցը լուծեք, դուք ընդհանրապես ավելորդ 20% կստանաք։ Մենք գեներալ ունեինք՝ Մանուկյան Դավիթը։ Նա մեր կորպուսի գեներալն էր։ Շատ լավ մարդ էր, շատ լավ։ Ես անձամբ եմ իր հետ շփվել։ Ուղղակի խնդրում եմ… Ես գիտեմ, որ դուք կարող եք։ Աստված տա՝ ամսի 7-ից հետո, ցավդ տանեմ, մեռնեմ քեզ, մենք քեզ խնդրում ենք… Այս բեռը գցիր վրայիցդ։ Եթե խաղաղություն է, ապա ինչո՞ւ գերիներին հետ չեն վերադարձնում»,- ասել է քաղաքացին։

Այդ ընթացքում Փաշինյանը շարունակում էր ուտել և երբեմն-երբեմն նայում էր տղամարդուն։ Երբ նա ավարտեց միսն ուտելու ընթացքը, ձեռքը մեկնեց բաժակին։ Հենց այդ պահին նա ինչ-որ բան ասաց տղամարդուն, ինչին ի պատասխան վերջինս հարցրեց.

«Մենք մեր զանգերով չենք կարող հարց լուծել, բայց դու չէ՞ որ կարող ես ամեն ինչ լուծել ընդամենը մեկ զանգով»։

Փաշինյանն ի պատասխան օրորեց գլուխը և ասաց, որ չի կարող։

Գյուղի բնակիչը, այդուհանդերձ, շարունակեց.

«Ցավդ տանեմ, դու հզոր մարդ ես, հզոր ես։ Ոչ մեկ չի կարող, բայց դու կարող ես»։

Կառավարության ղեկավարը լսեց տղամարդուն, մի քանի անգամ արձագանքեց, իսկ հետո անցավ Հայաստանի Հանրապետության տարածքի պատկերով կրծքանշաններ բաժանելուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *