ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Pod Force One» հաղորդման ժամանակ հաստատել է, որ երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «անիծյալ խելագար»՝ պնդելով, սակայն, որ իրենք «շատ լավ են միասին աշխատել»։
Թրամփի հարցազրույցը ներկայացնում ենք կետերով․
- Ես մի փոքր մտահոգված էի Լիբանանի հետ Իսրայելի շարունակական բախումներից։ Հարձակումները վտանգի տակ են դրել ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունները։
- Իրանն արդեն համաձայնել է, որ միջուկային զենք չի ունենա․ նրանք, սակայն, կարող են փոխել իրենց միտքը։
- Ես պատիվ չեմ ունեցել հանդիպելու այաթոլլահին, բայց նա լավ վիճակում չէ։ Եթե հավատանք պատմություններին, նա կորցրել է մարմնի մի շարք մասեր։
- Կարծես՝ մենք բավական լավ ենք լեզու գտնում այաթոլլահի հետ։ Կցանկանայի հանդիպել նրան․ հավանաբար ինչ-որ պահի կհանդիպեմ։
- Ես եմ Իրանի դեմ պատերազմ սկսողը։ Չեմ ուզում ձանձրացնել որևէ մեկին, բայց ես դա սկսեցի, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան։ Եթե չլինեի ես, չէր լինի Իսրայելը։
- Իրանը չունի նավատորմ, չունի օդուժ, և ունի շատ քիչ զինվորներ։
- Ես կարող եմ պատասխանել որևէ հարցի, իսկ 20 րոպե անց մտնել Օվալաձև գրասենյակ և հասկանալ, որ իմ պատասխանն արդեն սխալ է։ Գիտե՞ք, փաստերը փոխվում են։
- Ում ես աջակցում եմ, հաղթում է։ Նկատի ունեմ՝ բոլորը։ Իմ աջակցությունը ստացած յուրաքանչյուր մարդ հաղթում է։