Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում սկսել են սահմանափակել բենզինի վաճառքը

Մոսկովյան տարածաշրջանում գործող «ՕՐՏԿ» լցակայանների ցանցը սահմանափակել է բենզինի վաճառքը։ Այս մասին հայտնում են Msk1.ru և «Օստորոժնո, Մոսկվա» պարբերականները։

Msk1-ի թղթակիցը հրապարակել է Տրոիցկի լցակայաններից մեկում փակցված հայտարարության լուսանկարը, համաձայն որի՝ մայիսի 30-ից սկսած և «մինչև հաջորդ կարգադրությունը» մեկ անձին վաճառվում է առավելագույնը 60 լիտր բենզին և 100 լիտր դիզելային վառելիք։

Ընկերության գրասենյակից հայտնել են, որ սահմանափակումներ են մտցվել ամբողջ ցանցում։ Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել նման որոշման պատճառը։

«Ռոսնեֆտ» և «Տատնեֆտ» ընկերություններից պարբերականին հայտնել են, որ իրենց լցակայաններում ընդհանուր սահմանափակումներ չկան, սակայն, իրավիճակից կախված, առանձին կայաններում սահմանափակումներ կարող են կիրառվել։ «Լուկօյլ»-ից հայտարարել են, որ դիզելային վառելիքի համար սահմանափակում չկա, իսկ բենզինը վաճառվում է մեկ անձին առավելագույնը 100 լիտր։ «Գազպրոմ»-ից իրենց հերթին հայտնել են, որ Մոսկվայում և մարզում գործում են ինչպես դիզելի, այնպես էլ բենզինի սահմանափակումներ (մեկ անձին 100-150 լիտր)։

«Ֆոնտանկա» պարբերականը հունիսի 2-ին գրել էր, որ մայիսի վերջից իր ընթերցողները Սանկտ Պետերբուրգում բենզինի վաճառքի սահմանափակումների են բախվում։ Լրատվամիջոցի տվյալներով՝ վառելիքի բացթողնման սահմանափակումների մասին նախազգուշացումներ են հայտնվել քաղաքից հեռու գտնվող մի քանի լցակայաններում։ «Կիրիշիավտոսերվիս» լցակայանների թեժ գծից հայտնել են, որ որոշ կայաններում «վերջին իրադարձությունների պատճառով» բենզինի վաճառքը ժամանակավորապես սահմանափակվել է (մեկ չեկով առավելագույնը 50 լիտր)։

Պետերբուրգի մոտ գտնվող խոշոր նավթաբազաներից մեկի ղեկավարի խոսքով՝ ամենախնդրահարույցը ԱԻ-95 տեսակի բենզինն է, որի արտադրության ծավալները զգալիորեն նվազել են, հատկապես՝ Կիրիշիում և «Ռոսնեֆտ»-ի Յարոսլավլի գործարանում։ Նա հավելել է, որ խնդիրը համատարած բնույթ չի կրում. բենզինի ժամանակավոր բացակայություն է նկատվում միայն հեռավոր շրջանների քիչ հայտնի և քիչ սպառում ունեցող եզակի լցակայաններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *