Թուրքիան և Հարավային Կորեան կհամագործակցեն միջուկային ոլորտում

Թուրքական «Nuclean» միջուկային տեխնոլոգիաների ընկերությունը և Հարավային Կորեայի կառավարության աջակցությամբ գործող «Ինովացիոն փոքր մոդուլային ռեակտորների մշակման գործակալությունը» (i-SMRDA) ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագիրը նպատակաուղղված է «Փոքր մոդուլային ռեակտորների» (SMR) տեխնոլոգիաների զարգացմանը և Թուրքիայում հնարավոր նոր նախագծերի իրականացմանը։ «Nuclean»-ի տարածած հայտարարության համաձայն՝ կողմերը համատեղ աշխատանքներ են տանելու Թուրքիայում և տարածաշրջանում «SMR» նախագծերի զարգացման, ինչպես նաև թուրքական արդյունաբերությունը «i-SMR»-ի համաշխարհային մատակարարման շղթային ինտեգրելու ուղղությամբ։

Մինչև 2050-ը երկրում նախատեսվում է հասնել 20.000 մեգավատտ միջուկային հզորության, որտեղ փոքր մոդուլային ռեակտորները առանցքային դեր են խաղալու: Կորեական կողմը նպատակ ունի մինչև 2028-ը ստանալ «i-SMR» տեխնոլոգիայի ստանդարտ նախագծային հաստատումը, իսկ 2030-ական թվականներին այն դուրս բերել համաշխարհային շուկա:

Թուրքական ընկերության խորհրդի անդամ Քորայ Թունչերը նշել է, որ սա ռազմավարական քայլ է Թուրքիայի միջուկային անցման գործընթացում, իսկ «i-SMRDA»-ի նախագահ Հան Գոն Քիմն ընդգծել է, որ այս համագործակցությունը կամրապնդի իրենց դիրքերը տարածաշրջանային նախագծերում՝ հավելելով, որ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանային SMR էկոհամակարգի զարգացման կարևոր կենտրոն։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *