ԱՄՆ-ը կրճատում է ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ում. Գրինկևիչը կոչ է արել փոխարինել ամերիկյան նավերն ու ավիացիան

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները և Կանադան օպերատիվ կերպով կավելացնեն դաշինքի պաշտպանական ծրագրերին հատկացվող օդաչուավոր և անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև նավերի քանակը, քանի որ Վաշինգտոնը կրճատում է իր ներկայությունն այդ ոլորտներում։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ, ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար և Եվրոպայում ամերիկյան զորքերի ղեկավար Ալեքսուս Գրինկևիչը։

Գրինկևիչի հայտարարությունը, որն արվել է չորեքշաբթի՝ ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորողների հանդիպման արդյունքներով, դարձավ առաջին հանրային մատնանշումն այն մասին, թե հատկապես որ ոլորտներն է ԱՄՆ-ը ծրագրում կրճատել առաջին հերթին և որտեղ է դաշնակիցներից վճռական գործողություններ ակնկալում։

Օդաչուավոր և անօդաչու ավիացիան, ինչպես նաև ռազմածովային նավերը այն երկու ոլորտներն են, որոնցում Կանադան և եվրոպական դաշնակիցները «կարող են ակտիվանալ հենց հիմա և կարճաժամկետ հեռանկարում, քանի որ Միացյալ Նահանգները կրճատում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի մոդելին հատկացվող զորքերը և դրանք վերաուղղորդում է այլ ուղղություններով»,- հայտարարել է նա։

«ՆԱՏՕ-ի ուժերի մոդելում ձևավորվել է անառողջ փոխկախվածություն ամերիկյան զորքերից,- իր գրավոր հայտարարության մեջ ընդգծել է Գրինկևիչը։- Նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և այլ պաշտոնյաներ հստակ հասկացրել են, որ իրավիճակը պետք է փոխվի, և այն կփոխվի։ Դա է պահանջում մի քանի թատերաբեմերում միաժամանակյա հակամարտությունների հնարավոր իրականությունը»։

Հյուսիսատլանտյան դաշինքն այժմ գտնվում է աննախադեպ ճնշման տակ. եվրոպական որոշ երկրներ լրջորեն անհանգստացած են, որ Վաշինգտոնը կարող է ամբողջությամբ դուրս գալ բլոկից։

ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, ԱՄՆ բանակի գնդապետ Մարտին Օ’Դոնելը հայտարարել է, որ Գրինկևիչի հիշատակած ոլորտները հենց այն բնագավառներն են, որտեղ դաշնակիցներն արդեն օժտված են կամ մոտ ժամանակներս օժտված կլինեն բավարար պոտենցիալով, ինչը նշանակում է, որ պաշտպանությունում որևէ ճեղքվածքի առաջացում չի ակնկալվում։ «Երկրներին պարզապես անհրաժեշտ է իրենց ունեցած միջոցները ամրակցել ՆԱՏՕ-ին»,- հավելել է նա։

Օ’Դոնելը հրաժարվել է հստակեցնել, թե կոնկրետ որ ժամկետին, Գրինկևիչի կարծիքով, դաշնակից երկրները պետք է ամբողջությամբ փոխարինեն ամերիկյան ռազմական կարողությունները։ Ակնկալվում է, որ պետությունների ղեկավարներն այս հարցը կքննարկեն այս տարվա հուլիսին Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Ավելի վաղ Spiegel-ը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի կարիքների համար հասանելի ամերիկյան կործանիչների քանակը կկրճատվի մեկ երրորդով։ Բացի դրանից, ԱՄՆ-ը կտրամադրի ավելի քիչ էսկադրային ականակիրներ և ամբողջությամբ դուրս կբերի իր սուզանավերը դաշինքի ճգնաժամային ռեզերվից։ Եվրոպային ստիպված կլինի ինքնուրույն ապահովել իրեն հետախուզական անօդաչու թռչող սարքերով, քանի որ ԱՄՆ-ը ծրագրում է զգալիորեն կրճատել իր հարվածային մոդելների տրամադրումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *