Աբխազիայով անցնող երկաթգծի գործարկումը մի քանի անգամ կբարելավի Հայաստանի դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում. «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Պատասխանելով Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորության և այն մասին հարցին, թե արդյոք այդ ճանապարհը կարող է դառնալ TRIPP նախագծի մաս, Քոչարյանը նշել է, որ դա առանձին ծրագիր է։
«Ես ժամանակին փորձել եմ այն իրականացնել։ Այն ժամանակ հանդիպեցի Շևարդնաձեի հետ. սեպտեմբեր ամիսն էր, արդեն չեմ հիշում որ թվականն էր՝ երկու հազարականների սկիզբը։ Նա դեմ չէր։ Բայց ասաց՝ եթե աբխազների հետ պայմանավորվեք։ Արձինբան հիվանդ էր՝ բավականին ծանր։ Նույն տարում Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ։ Իշխանության եկավ Սահակաշվիլին։ Նա ագրեսիվ էր տրամադրված այս հարցում, և ծրագիրը կանգ առավ»,- պատմել է Քոչարյանը՝ հավելելով, որ հնարավորություն կա, և նախագծի իրականացումից բոլոր խաղացողները կշահեն։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ աբխազական երկաթգծի հարցը պետք է դուրս բերել քաղաքական համատեքստից՝ շեշտը դնելով դրա տնտեսական կարևորության վրա։ Հայաստանի համար այն կարևոր նշանակություն կունենա։ Քոչարյանը հիշեցրել է, որ դա դեպի ռուսական շուկա տանող զգալիորեն ավելի կարճ՝ 700 կիլոմետրով պակաս ճանապարհ է։ Միաժամանակ, Աբխազիայով անցնող ճանապարհի գործարկումը կտրուկ կնվազեցնի կախվածությունը ադրբեջանական երկաթուղուց։
«Դա կտրուկ փոխում է ամեն ինչ։ Ավելի քիչ կախվածություն և բանակցություններ Ադրբեջանի հետ ավելի լավ դիրքերից,- ընդգծել է Քոչարյանը՝ նկատելով, որ այս հարցով չզբաղվելը կարճատեսություն է կամ ինչ-որ պայմանավորվածություն՝ Հայաստանի համար ավելի լավ սխեմայով առաջ չշարժվելու համար։- Չեմ հասկանում, թե ինչու դրանով չեն զբաղվում»,- ամփոփել է նա։