«Պետք է ճիշտ գնահատել ռիսկերն ու կորուստները, հնարավորություններն ու օգուտները»․ Թաթուլ Հակոբյան

«Պետք է ճիշտ գնահատել ռիսկերն ու կորուստները, հնարավորություններն ու օգուտները»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպան և Եվրոպական Միությունը Հայաստանի համար արժեքայի՞ն, քաղաքակրթակա՞ն ընտրություն է, թե՞ աշխարհաքաղաքական, այն է՝ Եվրոպա ենք գնում, քանի որ Ռուսաստանը, մեր համոզմամբ, մեզ դավաճանել է ու մենակ թողել, մեզ չի օգնել 44-օրյա պատերազմում, իսկ դրանից հետո ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայության բռնի տեղահանությունը կանխելու հարցում:
     Ավելի հստակ. եթե չլիներ 44-օրյա աղետն ու արցախահայության արհավիրքը, մենք մնալո՞ւ էինք Ռուսաստանի հետ հավերժ, Սիրիա կամ այլ պետություն ռուսական զորքերի հետ խաղաղապահ միավոր էինք ուղարկելո՞ւ Ղազախստա, ՀԱՊԿ-ի ուժերի կազմում մեր մասնակցությո՞ւնն էինք բերելու, 2027-ին նշելո՞ւ էինք ցարական բանակի կողմից Երևանի բերդի գրավումը, իսկ 2028-ին Արևելյան Հայաստանի միավորումը Ռոմանովների Ռուսաստանի հետ:
     Դեռ մի կողմ եմ թողնում՝ Հայաստանի իշխանությունները իրավամբ որոշե՞լ են, որ մեր ճանապարհը տանում է դեպի Հռոմ, Բրյուսել, Փարիզ… թե՞ այս ամենը նախընտրական և ներքաղաքական խնդիրների համատեքստում են դիտում, իսկ ընտրություններից հետո կրկին մեկնելու ենք Մոսկվա: Եթե կուզեք՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը կրկնվելո՞ւ է, թե՞ արդեն հատել ենք անդառնալիության կետը:
     Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց մեկը մյուսի հետևից պատժամիջոցներ կիրառել հայկական արտադրողների դեմ, որ, անկասկած, քաղաքական և նախընտրական որոշում է, Հայաստանի իշխանությունները փոքր-ինչ փոխեցին հռետորաբանությունը:
     Մենք պատրա՞ստ ենք գին վճարել, հաշվարկե՞լ ենք այդ գինը, եթե այո, ապա ինչպե՞ս ենք առաջ գնալու:
     Սրանք հարցեր են, որոնք նախընտրական այս օրերին կորչում են բանավեճերի գոռգոռոցների, հոխորտանքների, պիտակավորումների ու մեղադրանքների հորձանուտում:
     Անկասկած, ավելի լավ է լինել Եվրոպայի հետ, քան Ռուսաստանի: Անկասկած, Հայաստանը պետք է լինի և դառնա եվրոպական ժողովրդավարական տիպի ազգային պետություն, որտեղ ընտրությունները չեն կեղծվում, իշխում է ժողովրդավարությունն ու օրենքը, սոցիալական արդարությունն ու քաղաքակիրթ բանավեճը, որտեղ մեկ մարդ չի որոշում, որ օրինակ, պետք է փոխել Սահմանադրությունը կամ Անկախության Հռչակագիրը, որտեղ տեղական ընտրություններում պարտվելուց հետո դատ ու դատաստան, ներքաղաքական խարդավանքներ չես սկսում հաղթող ուժի դեմ և նրան հեռացնում ասպարեզից:
     Հայաստանն ու հայ ժողովուրդը, անկասկած, չեն կարող չլինել ժողովրդավարական: Մենք, մեծ հաշվով, եվրոպացիներ ու հնդեվրոպացիներ ենք, մեր լեզուն ու մշակույթը հարազատ է եվրոպականին, քաղաքակրթական մեր անցյալը ավելի շատ Եվրոպայի հետ է:
     Բայց քաղաքականության և արտաքին քաղաքականության մեջ չպետք է հիմքում դնել ցանկությունն ու երազանքը: Պետք է ճիշտ հաշվարկել, գնահատել ռիսկերն ու կորուստները, սպասվելիք հնարավորություններն ու օգուտները:
     Տպավորություն է ստեղծվում, որ մենք մերկ ձեռքերով մտնում ենք արջի վանդակը և սպասում հաղթանակների ու հրաշքների:
     Չկա հաշվարկ ու քաղաքակիրթ բանավեճ: Ողջախոհությունն ու ռեալ քաղաքականությունը պիտակավորվում են ռուսամետություն կամ թրքամետություն՝ նայած թե օրվա իշխանությունները արտաքին քաղաքական ինչ նախասիրություններ ունեն:
     Եթե ուզում ենք դառնալ քաղաքական Եվրոպայի և տնտեսական Եվրոմիության մաս, ապա ունենք տնային երկար, շատ երկար աշխատանք: Ահա դա՛ պետք է անենք և ո՛չ դեմոնստրատիվ հայտարարություններ, որոնք աշխատում են մեր դեմ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *