ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգնականներին վստահեցրել է, որ Իրանի հետ գործող հրադադարի ռեժիմից կհրաժարվի միայն ամերիկացի զինծառայողների զոհվելու դեպքում, գրում է The Wall Street Journal-ը։
«Նախագահը մասնավոր զրույցներում օգնականներին ասել է, որ կարող է քննարկել Իրանի հետ հրադադարի դադարեցման հնարավորությունը, եթե Թեհրանը սպանի ամերիկացի զինծառայողների», – հայտնում է պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
The Wall Street Journal-ի աղբյուրներն ընդգծում են, որ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ՝ չնայած անընդհատ «բախումներին»։
Թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թրամփի՝ ռազմական գործողությունները վերսկսելու չցանկանալը վկայում է այն մասին, որ «նա կարող է պատրաստ լինել շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով դիմանալու փոքր բռնկումներին՝ Մերձավոր Արևելքում ավելի լայնածավալ հակամարտությունից խուսափելու համար»։
Չորեքշաբթի երեկոյան Թրամփը հայտարարել է, որ առայժմ գոհ է Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից։ «Ամեն ինչ լավ է ընթանում», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։
Խոսելով համաձայնագրի կնքման հնարավորությունների մասին՝ ամերիկացի նախագահը չի բացառել իրադարձությունների զարգացման ոչ դրական, ոչ էլ բացասական տարբերակը։ «Գուցե ոչինչ չլինի։ Իսկ գուցե ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, և այդ դեպքում հաջողության հասնելու շանսեր կան մինչև այս շաբաթվա վերջ», – հայտարարել է նա։
Թրամփի խոսքով՝ Իրանը «տեսականորեն մոտ է համաձայնագիր ստորագրելուն»։