«Հրապարակ». Եթե Հայաստանի հանրությունը նրանց հավատա, հայոց զարթոնքը դժվար է լինելու

Հարցազրույց ֆրանսիացի գրող, քաղաքագետ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Այմերիկ Շոպրոդի հետ

– Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ գնում է դեպի Եվրոպա՞, թե՞ մնում է ԵԱՏՄ-ում։ Սա ուլտիմատո՞ւմ է։

– Կարծում եմ՝ սա մեզ չպետք է զարմացնի։ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմավարությունը հետեւյալն է․ Ռուսաստանի բոլոր հարեւաններին կտրել նրանից թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով։ ԵՄ-ն պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, որն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Այս պայմաններում ինչո՞ւ պետք է Ռուսաստանը համատեղելի համարի ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունը։ Չէի ասի, թե «վերջնագիր» բառն ամենաճիշտ բնորոշումն է, բայց կարծում եմ՝ կարող ենք այս դեպքում խոսել նախազգուշացման մասին։

– Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե, ի վերջո, որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։

– Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ հանուն ԵՄ-ի, ապա Ռուսաստանը կանի բոլոր անհրաժեշտ եզրակացությունները։ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն է։ 2025 թ. արտաքին առեւտրի 35%-ը Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության մասն է կազմում։ Հայաստանը կկորցնի իր սննդամթերքի, էլեկտրական սարքերի, խմիչքների, թանկարժեք քարերի եւ այլնի արտահանման հիմնական ուղին։ Կկորցնի իր էներգիայի, մետաղների, հացահատիկային մշակաբույսերի եւ այլնի կարեւորագույն աղբյուրը։ Ես վստահ չեմ, որ Եվրամիությունը կարող է փոխարինել այդ ամենը։

– Հայաստանը ԵՄ անդամ կդառնա՞, տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

– Ես այդպես չեմ կարծում։ Եվրամիությունը լուրջ ինքնության ճգնաժամ է ապրում։ Միացյալ Թագավորությունը դուրս է եկել ԵՄ-ից։ ԵՄ երկրների մեծ մասում առաջատար քաղաքական կուսակցությունները ցանկանում են իրենց երկիրը դուրս բերել ԵՄ-ից։ Մարդկանց մեծ մասն անվստահություն է տածում Եվրամիության նկատմամբ, բացառությամբ ամենատարեց հատվածի, որը մեծացել է դաշնային Եվրոպայի ուտոպիայում։ Եվրամիությունը ոչնչացրել է Արեւմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրների ազգային արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։ Թույլ է տվել մուսուլմանների զանգվածային ներգաղթ, որը ոչնչացրել է եվրոպական հասարակությունների անվտանգությունը։ Եվրամիությունը ճգնաժամի մեջ է. նախ պետք է ինքը գոյատեւի եւ խուսափի քայքայվելուց: Ակնհայտ է, որ նոր երկրների ինտեգրման նպատակը չկա։ ԵՄ-ի՝ Հայաստանին տված այս խոստումը գայթակղություն է. դա ծառայում է միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության սրմանը, քանի որ եվրոպացի շատ առաջնորդներ փորձում են պահպանել ԵՄ համախմբվածությունը՝ հորինելով ընդհանուր թշնամի` Ռուսաստանը:

– Հայաստանի շահերի համար ո՞րն է ավելի իրատեսական՝ ԵԱՏՄ-ում մնա՞լը, թե՞, այնուամենայնիվ, Եվրոպա գնալը։

– Ակնհայտ է, որ ռեալիզմը հետեւյալն է․ չպետք է թույլ տալ, որ խախտվի սեփական պատմությունը։ Պատմականորեն, Հայաստանը մոտ է Ռուսաստանին. Ռուսաստանն աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործընկեր է, որը, իհարկե, կատարյալ չէ եւ որը բավականաչափ չաջակցեց Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմների ժամանակ, քանի որ ձգտում էր պահպանել միջնորդի իր դերը, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի պատմական գործընկերն է։ Ֆրանսիայում կա մի ասացվածք, որն ասում է. «Վտանգավոր է երես թեքել այն ամենից, ինչը ձեռքի տակ ունես, լրիվ անհայտի համար»: Հայաստանում նրանք, ովքեր բորբոքում են ԵՄ երազանքը, մարդկանց հավատացնում են Եվրոպա գնալու մասին, ստախոսներ են, նրանք երազներ են վաճառում, եթե հանրությունը նրանց հավատա, հայոց զարթոնքը դժվար է լինելու:

– Թրամփն իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին։ Ինչո՞ւ, ո՞րն էր դրդապատճառը։

– Այս հարցում Թրամփը շարունակում է հետեւել Արեւմուտքի քաղաքականությանը, որը ձգտում է Ռուսաստանին կտրել իր բոլոր բնական գործընկերներից։ Փաշինյանը, ներողություն եմ խնդրում իրենից, բայց պետք է ասեմ, որ պարզապես օգտակար խամաճիկ է ամերիկացիների եւ եվրոպացիների ձեռքում՝ Ռուսաստանի գործընկերային կապերի թուլացման գործում։ Թրամփը չի գործում հօգուտ հայերի, նա գործում է ռուսների դեմ եւ օգտագործում է Փաշինյանին այդ նպատակով։

– ԱՄՆ-ն փորձո՞ւմ է ուժեղացնել իր ազդեցությունը Կովկասում: Եթե այո, ո՞րն է դրա նպատակը։

– Սա նորություն չէ: 1990 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի նպատակը, ի դեպ, հակասելով Ջորջ Բուշ ավագի օրոք ռուսներին տրված երաշխիքներին, եղել է կուլ տալ նախկին խորհրդային երկրները՝ բալթյան երկրները, Բալկանները, Կենտրոնական Եվրոպան, Կովկասը, Կենտրոնական Ասիան: Նպատակն է՝ շրջապատել Ռուսաստանի Դաշնությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների գոտիով: 2000-ականների սկզբին տեղի ունեցան գունավոր հեղափոխություններ, սակայն այս ռազմավարությունը վատ ավարտ ունեցավ Ուկրաինայի համար, քանի որ Արեւմուտքն այժմ պրոքսի պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի տարածքում, եւ դա ողբերգական է: Ես նկատի ունեմ, որ ժողովուրդների կողմից սխալ ընտրությունը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ: Հայերը, որոնք բավականին թուլացել են թե՛ Ադրբեջանի դեմ ռազմաքաղաքական բալանսի առումով, թե՛ ունեն ղեկավար, որ պատրաստ է զիջման գնալ ու հրաժարվել պատմական հողերից, չպետք է հրաժարվեն իրենց բնական դաշնակիցներից:

– Պարբերաբար փաստաթղթեր են ստորագրվում ՀՀ իշխանությունների հետ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը կշահի դրանից, թե՞ հակառակը կլինի։

– Ես շատ եմ տխրում հայերի համար։ Միացյալ Նահանգների պատերազմն Իրանի դեմ ցույց տվեց մի բան, որ ԱՄՆ-ի եւ Թրամփի համար կա միայն մեկ իրական դաշնակից՝ Իսրայելը։ Եվ, ինչպես գիտեք, Իսրայելն աջակցում է Ադրբեջանին` Հայաստանի դեմ։ Ադրբեջանի գազը շատ ավելի կարեւոր է եվրոպական կառավարությունների եւ Եվրոպական հանձնաժողովի աչքում, քան հայ ժողովուրդը։ Ես չէի ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվի ամերիկյան եւ եվրոպական կեղծ խոստումներով։

– Որքանո՞վ են կարեւոր հունիսի 7-ի ընտրությունները: Արդյո՞ք անհրաժեշտ է իշխանափոխություն, ըստ Ձեզ, եւ եթե այո, ապա ինչո՞ւ:

– Այս ընտրությունները չափազանց կարեւոր են, եւ կա այդ կարեւորության մի նշան, ե՛ւ Մակրոնը, ե՛ւ Ռուբիոն եկան Փաշինյանին աջակցելու: Սա նշանակում է, որ Արեւմուտքը փաշինյանական Հայաստանը համարում է թույլ եւ մանիպուլյացիայի ենթարկվող, միակ նպատակով՝ Ռուսաստանին մեկուսացնելու հարցում օգտագործելու համար: Սա հայերի ապագային միջամտելու գործողություն է, եւ ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը, որը մեծապես տառապել է 1990 թվականից ի վեր, չի կորցնի իր ինքնիշխանության մի նոր չափաբաժին:

– Հայաստանն ընտրություն է կատարում Ռուսաստանի եւ Արեւմուտքի՞, թե՞ Ռուսաստանի եւ Թուրքիայի ազդեցության միջեւ։

– Կարծում եմ՝ Հայաստանի շահն Արեւմուտքը Ռուսաստանի դեմ կամ Ռուսաստանն Արեւմուտքի դեմ ընտրելը չէ, այլ իր քաղաքականության մեջ հավասարակշռության քաղաքականությունը շարունակելը եւ պաշտպանելը, ինչը ես անվանում եմ աշխարհի բազմաբեւեռ տեսլական։ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Արեւմուտքի հետ եւ մեծ սփյուռք, որը թույլ է տալիս նրան կապված մնալ Արեւմուտքի հետ։ Բայց ինչո՞ւ այդ ամենի հետ մեկտեղ կտրվել ավանդական գործընկերներից՝ Իրանից եւ Ռուսաստանից։ Հայաստանի ազգային շահերին իսկապես կապված առաջնորդը կկարողանա համատեղել Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Իրանի հետ լավ հարաբերությունները ու կհասկանա նման քաղաքականության անհրաժեշտությունը։ Սա իսկապես չափավոր, իրատեսական եւ համարձակ դիրքորոշում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *