Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է միջուկային նյութերի արտադրության նոր գործարան, որը վերջերս է շահագործման հանձնվել։ Ինչպես հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), այցը տեղի է ունեցել հունիսի 3-ին։ Գործարանում ներկա են եղել նաև Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) կենտկոմի պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավարներն ու Միջուկային զենքի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները։
Այցի ընթացքում երկրի ղեկավարը ծանոթացել է արտադրական գործընթացներին, տեխնոլոգիական ցուցանիշներին և արտադրանքի թողարկման հեռանկարային ծրագրերին։ Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել կուսակցության կենտկոմի վերջին պլենումների որոշումները ճշգրիտ կատարելու ուղղությամբ անձնակազմի աշխատանքը՝ ընդգծելով, որ մասնագետները հուսալի հիմք են ստեղծել զենքի համար նախատեսված միջուկային նյութերի արտադրական բազան հետագայում ևս ամրապնդելու համար։
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) 8-րդ գումարման կենտկոմի ղեկավարությամբ՝ հնգամյա ժամանակահատվածում հաջողվել է երկրում կրկնապատկել զենքի համար նախատեսված միջուկային նյութերի արտադրության հզորությունները։ Նա նաև հիշեցրել է, որ կուսակցության 9-րդ համագումարը հաստատել է միջուկային զինված ուժերի ամրապնդման նոր հնգամյա ծրագիրը, որի շրջանակներում ռազմավարական որոշում է կայացվել հետագայում ևս բարձրացնել արտադրողականությունն ու ընդլայնել ատոմային արսենալը։
«Հաշվի առնելով մեր հեղափոխության առանձնահատկությունը, որն ուղեկցվում է ամենադաժան հակառակորդների հետ տևական դիմակայությամբ, էլ ավելի է մեծանում զսպման ուժերի որակական և քանակական հզորացման պատմական առաքելության հրատապությունն ու պատասխանատվությունը», — Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերում ԿԿՀԳ-ն։ Նա նաև ընդգծել է, որ արտադրողականության զգալի աճը նախադրյալներ է ստեղծել միջուկային զսպման համար մղվող պայքարի նոր փուլին անցնելու համար։
Հաղորդվում է, որ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով հստակեցվել են հանրապետության միջուկային զինված ուժերի «երկրաչափական պրոգրեսիայով» հետագա հզորացման ծրագրի քայլերի հերթականությունը և դրա անվերապահ իրագործման երաշխիքները։
ԿԿՀԳ գործակալությունը երկրի առաջնորդի այցը նոր գործարան համարել է առանցքային իրադարձություն, որն ի ցույց է դնում միջուկային ներուժն ամրապնդելու Փհենյանի անդրդվելի կամքը, ինչպես նաև վերահաստատում է պատերազմի զսպման, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված երկրի քաղաքական կուրսը։