
Հայկական ներմուծման դեմ նոր հնարավոր միջոցառումները կախված կլինեն այն բանից` արտադրանքում սպառողների համար պոտենցիալ վտանգ ներկայացնող որևէ բան կհայտնաբերվի՞, թե՞ ոչ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եթե ինչ-որ բան հայտնաբերեն, ապա գործողություններ կձեռնարկեն, եթե ոչ` ապա չեն ձեռնարկի», – ՊՄՏՖ-ի շրջանակում գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետը։ Նա նորմալ գործընթաց է անվանել հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառած միջոցները՝ նշելով, որ նոր արտադրանքը պետք է ստուգվի։
«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Բնականոն աշխատանք է տարվում՝ կապված այն բանի հետ, որ նոր բերք է այժմ գալիս, նոր արտադրանք կա, և, բնականաբար, աշխատանքի ընթացքում ինչ-որ բաներ են առաջանում։ Սա պարբերաբար տեղի է ունենում։ Մենք սովորական աշխատանք ենք տանում», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ նոր բերքը ստուգվում է նաև սպառողների համար սպառնալիքների առկայության առումով․ «Մենք պետք է պաշտպանենք մեր սպառողներին Ռուսաստանում։ Նոր բերք է հասել, պետք է ստուգենք, թե ինչ է բերվում մեզ մոտ՝ կա՞ն արդյոք վնասատուներ կամ հիվանդություններ, ինչը կարող է սպառնալիք ներկայացնել և՛ սպառողների, և՛ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան հայտնաբերվել է»։