Ռուբիոն ԹՐԻՓՓ-ի մասին խոսելիս մի քանի անգամ օգտագործել է «միջանցք» բառը

ԱՄՆ սենատում լսումների ժամանակ հունիսի 2-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատասխանելով հանրապետական սենատոր Սթիֆ Դեյնսի հարցին, թե ինչպես է իրականացվելու ԹՐԻՓՓ-ի շրջանակային համաձայնագիրը, և ի՞նչ օգուտներ է ԱՄՆ-ը ստանալու դրա իրագործումից տարածաշրջանում, ասել է, որ այդ ծրագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է և կարող է ամբողջությամբ վերափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանային առևտրի կենտրոնական հաբ։ Դա, Ռուբիոյի խոսքով, նաև լուծում է Ադրբեջանին մտահոգող Նախիջեւանի հասանելիության խնդիրը։

Ուշագրավ է, որ Ռուբիոն այդ ընթացքում ԹՐԻՓՓ-ի մասին խոսելիս մի քանի անգամ օգտագործել է «միջանցք» բառը։

«Ստորագրված համաձայնագիրը մեզ թույլ է տալիս խթանել մասնավոր ներդրումներն այս միջանցքում ի նպաստ ամերիկյան ընկերությունների և ամերիկյան շահերի, ինչպես նաև ի նպաստ Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանային այլ երկրների։ Խաղաղությունը միայն սկիզբն է, կարևորը դրա ընձեռած տնտեսական հնարավորություններն են։ Իհարկե, կան ամերիկյան ընկերություններ և ամերիկացի աշխատողներ, որոնք կշահեն դրանից, բայց այս միջանցքի բացման վերջնական շահառուն լինելու է հայ ժողովուրդը»,- ասել է Ռուբիոն։

Հետաքրքիր է, որ չնայած սենատորը իր հարցում ոչ մի անգամ չէր արտասանել միջանցք բառը, Ռուբիոն իր պատասխանը սկսեց ասելով՝ «Ինչպես դուք նկարագրեցիք այն որպես միջանցք», ինչից հետո արդեն Ռուբիոն իր խոսքում անընդհատ օգտագործում էր միջանցք բառը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *