Ռուսական կողմը երկկողմ հարաբերությունների զարգացումը չի պայմանավորում Հայաստանի ներքաղաքական ընտրական գործընթացներով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Երևանից հնչող այն հայտարարություններին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հայ-ռուսական փոխգործակցությունը կարող է ակտիվանալ։
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն և չպետք է կախված լինեն քաղաքական իրավիճակից կամ նախընտրական արշավներից։ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան երբեք իր քաղաքականությունը Հայաստանի (կամ որևէ այլ երկրի) հանդեպ չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից։
«Կներեք, իսկ ի՞նչն էր խանգարում դա անել ընտրություններից առաջ կամ ընտրությունների ժամանակ։ Գիտեք՝ սա հայտնի մուլտֆիլմի պատմությունն է. «Ես ինչո՞ւ էի այդքան չար, որովհետև հեծանիվ չունեի, իսկ հիմա, որ հեծանիվ ունեմ, միանգամից բարիացել եմ»։ Ծիծաղելի է»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում ռուսական կողմն արձանագրում է Եվրոպական միության և եվրաատլանտյան կառույցների հետ Հայաստանի մերձեցմանն ուղղված ջանքերի զգալի ակտիվացում։ Որպես ասվածի ապացույց՝ նա մատնանշել է Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, Բրյուսելից հնչող աջակցության ազդակները, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների և Հայաստանի իշխանությունների միջև քաղաքական շփումների շարքը։
Դիվանագետն առանձնակի ուշադրություն է դարձրել մայիսի 5-ին կայացած Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովի արդյունքներին՝ նշելով, որ դրա հիման վրա ընդունված հռչակագրում կան դրույթներ, որոնք ողջունում են Երևանի եվրոպական ձգտումները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նման գործընթացներն օրինաչափորեն հարցեր են առաջացնում ինչպես ռուսական կողմի, այնպես էլ հայ հասարակության մի մասի, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի գործընկերների մոտ։ Գլխավոր հարցը, ըստ նրա, այն է, թե ինչպես է Հայաստանը մտադիր Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը համատեղել արդեն իսկ գոյություն ունեցող միջազգային կառույցների շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ։
Զախարովան նշել է, որ Մոսկվան բազմիցս բարձրացրել է այս թեման ինչպես երկկողմ շփումների ժամանակ, այնպես էլ ի պատասխան լրատվամիջոցների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հարցումների։ Նրա ձևակերպմամբ՝ ռուսական կողմը փորձել է հստակություն մտցնել Հայաստանի հետագա արտաքին քաղաքական և տնտեսական կուրսի վերաբերյալ, սակայն մինչ օրս սպառիչ պարզաբանումներ չի ստացել։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը քննադատաբար է արձագանքել այն մոտեցմանը, երբ Երևանը փորձում է միաժամանակ թե՛ պահպանել իր մասնակցությունը գործող ինտեգրացիոն մեխանիզմներին, թե՛ խորացնել համագործակցությունը արևմտյան կառույցների հետ (առանց սեփական առաջնահերթությունները հստակ սահմանելու)։ Նրա կարծիքով՝ նման դիրքորոշումը հարցեր է առաջացնում բոլոր շահագրգիռ կողմերի մոտ։
Առանձնակիորեն Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ աջակցել այնպիսի գործընթացների, որոնք կարող են նպաստել Եվրոպական միության հետ Հայաստանի հետագա մերձեցմանը՝ ի հաշիվ գործող ինտեգրացիոն միավորումների շահերի։ Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում և բոլոր կողմերից աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի իշխանություններին։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան բնական է համարում բացահայտ արտահայտել իր դիրքորոշումն այն հարցերի շուրջ, որոնք շոշափում են Ռուսաստանի ռազմավարական շահերն ու նրա դաշնակցային հարաբերությունները։
Ամփոփելով՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանի հետագա արտաքին քաղաքական կուրսի հարցը հստակեցման կարիք ունի։ Նա շեշտել է, որ խորհրդարանական ընտրություններն ինքնին չեն հանդիսանում ստեղծված քննարկումների պատճառը. առանցքային նշանակություն ունի այն, թե հանրապետության ղեկավարությունն ինչպիսի կուրս է մտադիր վարել ապագայում։
Մոսկվայում ակնկալում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գործող միջազգային միավորումների շրջանակներում նրա ստանձնած պարտավորությունների հետ կապված բոլոր հարցերը կհստակեցվեն բաց և առարկայական երկխոսության միջոցով։