Հայաստան, Ադրբեջան և անավարտ խաղաղություն․ Թոմաս դե Վաալ

Հարավային Կովկասը սկսում է ազատվել տարիների ընթացքում իրեն կպած որոշ մռայլ մակդիրներից։ Այն այլևս «հակամարտություններով լի» կամ «անհանգիստ» չէ, իսկ այսօր՝ երբեմն նույնիսկ հակառակը Engelsberg Ideas-ի համար գրել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։

Ըստ հեղինակի՝ լավատեսության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դանդաղորեն շարժվում են դեպի խաղաղության համաձայնագիր։ Երբ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա փակ սահմանները վերջապես բացվեն, դա Հարավային Կովկասը ճանապարհային խոչընդոտից կվերածի հանգույցի, Արևելք-Արևմուտք կապի և տարանցիկ միջանցքի։

Պատկերը հեռու է կատարյալ լինելուց։ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում նվազել է, բայց նա դեռևս փորձում է ցուցադրել իր գերիշխանությունը՝ պահանջելով, որ Հայաստանը ցուցաբերի հավատարմություն, հակառակ դեպքում՝ կենթարկվի տնտեսական պատժի:

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը տեղի ունեցավ մարդկային մեծ գնով։ Չնայած հակամարտության վերադարձն այժմ շատ անհավանական է թվում, լիակատար խաղաղությունը դեռևս երաշխավորված չէ։

Վերլուծաբանն ընդգծում է՝ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական շուկա է: Այստեղ ներկա են Եվրամիությունը, Չինաստանը, Պարսից ծոցի երկրները, Հնդկաստանը, Թուրքիան և Միացյալ Նահանգները: Այս խիտ դաշտում Ռուսաստանն այժմ շատերից մեկն է։

Հարավային Կովկասի 3 երկրներից յուրաքանչյուրը բազմազանեցնում է իր տարբերակները՝ ընտրելով յուրահատուկ ռազմավարություն։

Հեղինակի կարծիքով՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հավանաբար, կհաղթի ընտրություններում ոչ թե այն պատճառով, որ վարչապետը դեռևս ժողովրդականություն է վայելում (ինչն այդպես չէ), այլ այն, որ Հայաստանի ընդդիմությունն ավելի քիչ կոմպետենտ կամ տպավորիչ է և չափազանց կապված է Ռուսաստանի հետ։

Ընտրություններում հաղթանակը, սակայն, կարող է միայն հեշտ մասը լինել Փաշինյանի համար։ Ադրբեջանը դեռևս ունի պայմաններ։ Մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, վավերացումը և լիարժեք ուժի մեջ մտնելը, Ալիևը պնդում է, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն։ Դա նշանակում է, որ լիարժեք խաղաղության վավերացման համար Փաշինյանը նախ պետք է հունիսյան ընտրություններում հաղթի խորհրդարանի տեղերի երկու երրորդը՝ այդպիսով ձեռք բերելով մեծամասնություն, որը նրան հնարավորություն կտա հանրաքվե անցկացնել նոր Սահմանադրության վերաբերյալ։ Այնուհետև նա պետք է հաղթի նաև հանրաքվեում։ Հայ փորձագետների մեծ մասը կարծում է, որ քվեարկությունը շատ դժվար կլինի։

Դե Վաալն ափսոսանք է հայտնել, որ Սպիտակ տունը դանդաղեցրել է TRIPP-ի իրականացումը՝ Իրանի հետ իր աղետալի պատերազմի պատճառով։ Նախատեսվող երկաթուղին, ի վերջո, գտնվում է հենց հայ-իրանական սահմանին, և այս պահին հնարավոր չէ ամերիկացի տեխնիկական փորձագետներ տեղակայել տեղում։ Բոլոր կողմերը ցանկանում են առաջընթաց գրանցել, բայց ստիպված կլինեն դա անել նոր սահմանափակումների շրջանակում։

Վարչապետի ամենամեծ անմիջական խնդիրը ոչ թե Ռուսաստանը կամ իր նոր դաշնակիցների ուշադրությունն է, այլ, հավանաբար, հենց ինքը։ Նրա կառավարման ոճը չափազանց անհատականացված է, այլ ոչ թե ինստիտուցիոնալ։ Նրա վարքագիծն անկանոն է։ Չնայած Ալիևից ավելի ժողովրդավարական լինելուն, նա կիսում է նույն ենթադրությունը, որ հանրությանը պետք է թելադրել, թե ինչ մտածել, և ոչ թե երկխոսության մեջ մտնել։

Այնուամենայնիվ, պնդելով, որ Հայաստանը պետք է սահմանադրական հանրաքվե անցկացնի իրավական հարցի շուրջ, ադրբեջանական կողմն ազդանշան է տալիս, որ դեռևս շատ զգույշ է, անվստահ, թե արդյոք պատրաստ է այս կարևոր քայլին։ Մասնավորապես, Ալիևը հաջողությամբ օգտագործում է բոլոր հնարավոր ռեսուրսները՝ իր մտերիմ դաշնակից Թուրքիայի նախագահ Էրդողանին համոզելու համար հետ կանգնել Ադրբեջանից առաջ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտքից: Նա դա անում է, չնայած այն հանգամանքին, որ թուրքական արտաքին կառույցների մեծ մասը ցանկանում է օգտվել Փաշինյանի՝ իշխանության լինելու և Ռուսաստանի՝ Ուկրաինայի ուղղությամբ շեղվելու հնարավորությունից՝ Հայաստանի հետ պատմական գործարք կնքելու համար։

Ադրբեջանի առաջնորդի համար ամենադժվարն այն մարտահրավերն է, որ գրեթե յուրաքանչյուր ելույթում հայ «ագրեսորների» և «օկուպանտների» վրա ավելի քան 20 տարի հարձակվելուց և «օկուպանտներին» վռնդելուց հետո Ալիևն այժմ սկսել է իրեն նվիրել թշնամու հետ գործընկերության նոր սցենարի: Ադրբեջանն այլևս չի կարող սահմանվել որպես մի երկիր, որը պետք է մոբիլիզացվի Հայաստանի դեմ: Այն պետք է գտնի նոր միավորող ազգային պատմություն՝ խնդիր, որն ավելի է դժվարանում այն փաստով, որ նավթային բումի տարիներն ավարտվել են, և այլևս մեծ դրամական ավելցուկ չկա հանրությանը գոհացնելու համար։

Հայաստանում առաջիկա ընտրությունները միայն հաջորդ փորձությունն են շատերից, նախքան հնարավոր կլինի վստահորեն խոսել ոչ միայն հակամարտության ավարտի, այլև Հարավային Կովկասում լիակատար խաղաղության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *