Էսօր բանավեճի եմ, թողեք բանավիճենք. Փաշինյանը հարցերի չպատասխանեց

Էսօր բանավեճի եմ, թողեք բանավիճենք։ Այս մասին հունիսի 4-ին Երևանում հայտարարել է ներկայումս արձակուրդում գտնվող և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա վարչապետի արձագանքն էր լրագրողի այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում կալանավորված ղարաբաղցի գործիչ Արթուր Օսիպյանին, ում ազատ արձակման պահանջով հանդես են գալիս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Փաշինյանն այդպես էլ չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք մեղավորության զգացում կունենա, եթե հացադուլ հայտարարած Օսիպյանի հետ որևէ բան պատահի։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը կալանավորվել էր Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ ունեցած լեզվակռվից հետո։ Քննությունը համարում է, որ նա Փաշինյանի հասցեին բռնության կոչերով նյութեր է հրապարակել սոցիալական հանցերում և փորձել է խոչընդոտել նրա քարոզչությանը։ Քրեական գործեր են հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հատկանիշներով։

Օսիպյանը հացադուլ է հայտարարել և պատրաստ է դադարեցնել այն, եթե Փաշինյանը ներողություն խնդրի։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ Օսիպյանն անձամբ պետք է ներողություն խնդրի։

Նշենք, որ հունիսի 4-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ժամը 21:30-ին կմեկնարկեն հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ բանավեճերը։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն և 2 դաշինք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *