ԵՄ-ն 100 միլիոն եվրո կհատկացնի Լիբանանի բանակին՝ Իսրայելի հետ փխրուն հրադադարի ֆոնին. Կալաս

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև կրակի դադարեցման վերջին համաձայնությունը հնարավորություն է տալիս կանխել լայնամասշտաբ մարտական գործողությունների վերադարձը, սակայն իրավիճակը դեռևս ծայրահեղ փխրուն է։

Նրա խոսքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահի զոհվելը և շարունակվող տեղային բախումներն ընդգծում են ձեռք բերված պայմանավորվածությունների անկայունությունը և լարվածության սրացման պահպանվող ռիսկերը։

Կալասը շեշտել է, որ «Հըզբոլլահից» բխող սպառնալիքի երկարաժամկետ նվազեցումը հնարավոր է միայն լիբանանյան պետության և նրա ինստիտուտների ամրապնդման միջոցով։

««Հըզբոլլահից» բխող սպառնալիքը նվազեցնելու լավագույն միջոցը լիբանանյան պետության ուժեղացումն է, նրա ինստիտուտների ամրապնդումը և ուժի կիրառման հարցում նրա մենաշնորհի վերականգնումը։ Քանի դեռ պետությունը չունի իր տարածքում ուժի կիրառումը վերահսկելու լիարժեք կարողություն, պահպանվում է անկայունության և վերստին լարվածության սրացման ռիսկը։ Հենց այդ պատճառով էլ Լիբանանի բանակին և պետական կառույցներին աջակցելն ունի առանցքային նշանակություն կայուն խաղաղության համար»,- հայտարարել է նա։

Այս ռազմավարության շրջանակում Եվրոպական միությունը որոշում է ընդունել հավելյալ 100 միլիոն եվրո հատկացնել Լիբանանի զինված ուժերին՝ նրանց ներուժի ամրապնդման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *