
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները մինչև 2026 թվականի դեկտեմբերը կստանան զեկույց՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ հնարավոր գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС-ին տված հարցազրույցում։
Խոսելով այն մասին, թե արդյոք մինչև 2026 թվականի դեկտեմբերը կքննարկվի Երևանի անդամակցությունը սառեցնելու որևէ ձևաչափ, նա նշել է, որ «խոսքը հնարավոր գործողությունները դիտարկելու և դրանք անդամ պետությունների ղեկավարներին մինչև դեկտեմբեր զեկուցելու մասին է»:
«Ակնհայտ է, որ ինչպես միշտ է պատահում նման դեպքերում, կստեղծվի աշխատանքային խումբ, որը կներառի համապատասխան շահագրգիռ անդամ պետություններին: Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ մեր երկրների կառավարությունների ղեկավարներին, հանձնարարվել է ուսումնասիրել այս հարցերը: Նրանք կգնահատեն իրավիճակը և առաջարկություններ կներկայացնեն Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդին, որը տեղի կունենա այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում, 2026 թվականի դեկտեմբերին»,- նշել է Օվերչուկը: