Ճապոնիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են համատեղ ներդրումներ կատարել գիտության ոլորտում արհեստական բանականության զարգացման համար, առաջիկա հինգ տարիներին այդ նպատակներին կուղղվի 1 մլրդ դոլար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։
Խոսքը ռազմավարական գործընկերության մասին է՝ գիտական ոլորտում ԱԲ զարգացման ճապոնական և ամերիկյան ծրագրերը միավորելու նպատակով։ «Գործընկերությունը, մասնավորապես, ներառում է հինգ տարվա ընթացքում ընդհանուր 1 մլրդ դոլարի ռազմավարական ներդրումներ խոշոր միջազգային համատեղ ծրագրերում, գիտության և տեխնոլոգիաների տարբեր առաջատար ոլորտներում, ներառյալ ԱԲ-ն, ինչպես նաև հաշվարկային ռեսուրսների բազայի ամրապնդման համար», – նշել է նա։ Կիհարան հավելել է, որ գործընկերությունը նախատեսում է նաև հաշվարկային ռեսուրսների փոխադարձ օգտագործում համատեղ հետազոտությունների ընթացքում։ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ համապատասխան գործընկերությունը կհանգեցնի Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ընդլայնման և խորացման գիտության և տեխնոլոգիաների տարբեր առաջատար ոլորտներում, ներառյալ քվանտային տեղեկատվական գիտությունները, ջերմամիջուկային սինթեզի տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները և կրիտիկական նյութերը։