Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. ԱՄՆ պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները սատարում է «Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ներառյալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները որոշելու իրավունքը», – «Ազատությանը» տված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։

Պատասխանելով հունիսի 7-ի ընտրություններում արտաքին միջամտության մասին հաղորդումների և ամերիկացի օրենսդիրների նախազգուշացումների մասին «Ազատության» հարցերին՝ Պետդեպը շեշտել է՝ Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները։

«Մենք տեղյակ ենք Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների մասին։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունն և կառուցել իր ապագան», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է Երևանի ու Վաշինգտոնի միջև խորացող հարաբերությունների և TRIPP նախագծի կարևորությունը, որի շրջանակային համաձայնագիրը ստորագրվեց երեկ՝ Հայաստանի արտգործնախարարի, օրեր առաջ էլ՝ ԱՄՆ պետքարտուղարի կողմից։«Սրանով համաձայնագիրը պատրաստ է վավերացման», – ասել էր Արարատ Միրզոյանը։

«Ինչպես ցույց է տալիս պետքարտուղարի վերջին այցը Երևան, TRIPP-ը առանցքային և երկարաժամկետ նշանակություն ունի Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու գործում», – «Ազատությանը» փոխանցել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Պետքարտուղարի հայտարարությունները հնչել են վերջին շաբաթներին հրապարակվող հաղորդումների ֆոնին, որոնց համաձայն՝ արևմտյան հետախուզական ծառայություններն ու պաշտոնյաներն արձանագրել են՝ Ռուսաստանն ակտիվացնում է ջանքերը՝ թույլ չտալուՆիկոլ Փաշինյանի վերընտրությունը:

Մայիսի վերջին հրապարակված Reuters-ի հետաքննության համաձայն՝ Մոսկվան մտավախություն ունի, որ Փաշինյանի հաղթանակը կարող է ամրապնդել Արևմուտքի հետ մերձենալու Հայաստանի ջանքերը, ինչը հետագայում է՛լ ավելի կխաթարի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում:

Հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների հինգ պաշտոնյաների և փաստաթղթերի՝ Reuters-ը հաղորդել էր, որ ռուսական արշավի շրջանակում փորձ է արվել ամրապնդել Կրեմլին մոտ թեկնածուների դիրքերը, ինչպես նաև քննարկվել է Ռուսաստանում բնակվող հայերին հայրենիք տեղափոխելու ծրագիրը ՝ Փաշինյանի հակառակորդներին ընտրելու համար:

Ըստ այդ հրապարակման, Ռուսաստանի իշխանությունները հաշվարկել են, որ 100 հազար ընտրողների Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ կլինիմոտ 50 միլիոն դոլար։ Reuters-ը միաժամանակ նշել էր, որ հնարավորություն չի ունեցել պարզել՝ արդյո՞ք այդ ծրագիրն օրագործվել է, և կա՞մ արդյոք այն բավարար կլինի առաջատարների միջև եղած լայն տարբերությունը կրճատելու համար։

Արևմտյան վերլուծաբանները «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդգծել են՝ կասկած չկա, որ Ռուսաստանը Հայաստանի խորացող կապերը Արևմուտքի հետ դիտարկում է որպես ռազմավարական մարտահրավեր։

«Կան բազմաթիվ փաստաթղթավորված ապացույցներ, որ ռուսական ապատեղեկատվական գործակալներն ու լրատվամիջոցները չափազանց ակտիվ են հայկական ընտրությունների հարցում», – ասել է ամերիկյան RAND վերլուծական կենտրոնի պաշտպանության և անվտանգության հետազոտող Մայքլ Հիկարի Չեչիրան։ Միաժամանակ, փորձագետն ընդգծել է, որ ռուսական այդ ջանքերը հաճախ սահմանափակ ազդեցություն են ունենում և հազիվ թե կարողանան արմատապես փոխել ընտրությունների արդյունքը։

«Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում ներկայիս կառավարության կողմից հակամարտության կարգավորման ջանքերի նկատմամբ շարունակական վստահություն կա, իսկ Ռուսաստանի նկատմամբ՝ շարունակական թերահավատություն», – ասել է նա, փաստելով. – «Սա ցույց է տալիս, որ Հայաստանի բնակչությունն ավելի քիչ է ենթարկվում Ռուսաստանի տեղեկատվական արշավներին»։

Ըստ RAND-ի փորձագետի, Մոսկվայի երկարաժամկետն նպատակն է կարծես հետ պահել Հայաստանին արևմտյան ինստիտուտների հետ մերձեցման փորձերից։

«Ռուսաստանը, անկասկած, ձգտում է Հայաստանը պահել իր այսպես կոչված ազդեցության գոտում, մասնավորապես՝ խափանել Հայաստանի եվրոպական դաշինքները», – ասել է Չեչիրան։

Նույն կարծիքին է նաև Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի փոխտնօրեն Էնդրյու Դ’Անիերին։

«Ես այս պահին Ռուսաստանի միջամտող ռազմավարության արդյունավետությունը բարձր չեմ գնահատում», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Դ’Անիերին միաժամանակ հավելելով. - «Միանգամայն ճիշտ է, որ Մոսկվան ցանկանում է Փաշինյանը պարտվի և փորձում է դրա համար ամեն տեսակի հարկադրանք կիրառել Հայաստանի դեմ՝ տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական և այլն»։

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն այժմ շատ բան են անում Հայաստանում բարգավաճմանը, խաղաղությանը և ժողովրդավարությանը նպաստելու համար», – ասել է Դ’Անիերին, – «Եվ հիմա հայերից է կախված, թե ում կընտրեն»։

Մինչ Հայաստանը պատրաստվում է քվեարկության, Վաշինգտոնի ուղերձը մնում է հստակ. երկրի ապագան պետք է որոշեն հենց իրենք՝ հայերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *