Առանց Հայաստանի ու Թուրքիայի սահմանների բացման, հազիվ թե հնարավոր լինի խոսել լիարժեք տրանսպորտային կապի մասին․ Գալուզին

Ռուսաստանն ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումն արտգործնախարարների մակարդակով կկայանա Բաքվում կամ Երևանում. հարցի շուրջ քննարկումները շարունակվում են․ ինչպես գրում են ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։

«Ես հատկապես կողջունեի վրացական փորձագիտական շրջանակների ներկայացուցչի մասնակցությունը մեր քննարկմանը։ Մեզ համար, ինչպես, վստահ եմ, հարթակի բոլոր մասնակիցների համար, Վրաստանը մնում է կարևոր գործընկեր, առանց որի «3+3»-ի հեռանկարները դժվար թե լիարժեք լինեն։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում պաշտոնական Թբիլիսին նույնպես կմիանա մեր աշխատանքին», – հավելել է Գալուզինը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հոսքերի լիակատար ապաշրջափակմանը, որն անհրաժեշտ է «3+3» շրջանակում լիարժեք աշխատանքի համար։

«Մեր կարծիքով՝ կարևոր է ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությունը Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի զարգացմանը։ Առանց Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանների բացման հազիվ թե հնարավոր լինի խոսել լիարժեք տրանսպորտային կապի մասին։ Եվ, մեր կարծիքով, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան ավելի շատ լոգիստիկ հնարավորություններ կունենան բոլոր տարածաշրջանային խաղացողները։ Ռուսաստանը, իր հերթին, աջակցում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հոսքերի լիակատար ապաշրջափակմանը», – նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *