Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը նախատեսում է հնարավորինս սեղմ ժամկետներում փոխել երեք առանցքային բարձրաստիճան ղեկավարների։ Ինչպես գրել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում կատարելով ներքին փաստաթղթի, մինչև հունիսի 18-ը բաց է հայտերի ընդունումը գլխավոր քարտուղարի, ինչպես նաև նրա երկու տեղակալների պաշտոնները զբաղեցնելու համար։
Եվրամիության կառույցների աղբյուրն ընդգծել է, որ հայտերի ներկայացման սահմանված ժամկետը նման պաշտոնների համար անսովոր կարճ է։ Այս պաշտոնները համարվում են ամենակարևորներից, քանի որ այդ պաշտոնատար անձինք ղեկավարում են 5 հազար աշխատակիցներից բաղկացած անձնակազմ և համակարգում են արտաքին քաղաքականությունը ԵՄ երկրների մայրաքաղաքների, Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի հետ, նշել է պարբերականը։ Politico-ն նշել է, որ ԵՄ դիվանագիտական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը կլքի պաշտոնը, քանի որ կգլխավորի ԵՄ ներկայացուցչությունը Մեքսիկայում։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Կարբոնելի հրաժարականի ամսաթիվը որոշված չէ։ Նա պաշտոնը զբաղեցրել է 2025 թվականի փետրվարին։ Ինչպես նշել էր Politico-ն, պարտականությունների վերաբաշխումը դարձել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի նախաձեռնած բարեփոխումների հետևանք։ Մասնավորապես, ստեղծվել է նոր ղեկավար պաշտոն, որին փոխանցվել է Կարբոնելի գործառույթների մի մասը, այդ թվում՝ դիվանագիտական կորպուսի հետ փոխգործակցությունը։