
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր դիմեց ԿԸՀ, որպեսզի «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունն առաջիկա ընտրություններում կասեցվի:
Երեկ Հանրայինի եթերում ընտրությունների մասնակից ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ ամփոփիչ բանավեճի ընթացքում Փաշինյանն ուղիղ տեքստով նրան հորդորեց դիմել ԿԸՀ, ի պատասխան նա նախ խոստացավ դիմել ԿԸՀ, ապա հենց հաղորդման ժամանակ փոշմանեց՝ ասելով, որ դա ոչ այնքան իր խնդիր է, այլ ԱԱԾ-ի։ Բայց փաստորեն, Փաշինյանի գրպանային ընդդիմության առաջնորդը անկարող է եղել չկատարել «շեֆի» հրահանգը։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասաց. «Նիկոլ Փաշինյանի կեցվածքը` բանավեճի ժամանակ հերթական անգամ փաստեց, որ նա պարտվել է: Նա գիտակցում է, որ ինքն այնքան հանցանքներ է գործել, որ պատասխանատվության ենթարկվելը լինելու է անխուսափելի, այդ պատճառով Արամ Զավենիչին հրահանգեց, որպեսզի նա գնա այդ կեղտոտ քայլին: Արամը միշտ եղել է խարիզմայից զուրկ կամակատար: Նա այդպես էլ չդարձավ խելացի քաղաքական գործիչ և բոլոր իշխանությունների օրոք աշխատեց որպես կամակատար, այժմ էլ Նիկոլի կամակատարն է: Նա ինտելեկտ չունի:
Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ եթե ԿԸՀ-ն գնա այդ քայլին, դրանից Նիկոլ Փաշինյանն օգտվելու է: Երկրում բավականին մեծ ճգնաժամ է: Նիկոլի համար դա կլինի հերթական մարտի 1-ի որոշում, որը կբերի ժողովրդական նոր ցասումի և տեղի կունենա լուրջ բախում: Նիկոլ Փաշինյանը 2008-ի մարտի 1-ի հիմնական մեղավորն ու պատասխանատուն է, և այսօր փաստացի նոր քաղաքացիական բախումներ է հրահրում: Այս մարդու հոգեկան վիճակը վատ է, նա ամեն ինչի պատրաստ է, բայց եթե անգամ արյունահեղություն էլ լինի, ինքը հեռանալու է»: