Ճապոնիան նախատեսում է կառուցել մինչև 14 նոր միջուկային ռեակտոր

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է աստիճանաբար փոխարինել հնացած ատոմային էներգաբլոկները և մինչև 2050-ական թվականները կառուցել մինչև 14 նոր միջուկային ռեակտոր։ Այդ մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները։

Ծրագրի համաձայն՝ մինչև 2040-ականները նախատեսվում է փոխարինել մինչև 5 ռեակտոր, իսկ մինչև 2050-ականները՝ ընդհանուր առմամբ մինչև 14 էներգաբլոկ։ Իշխանությունների կարծիքով՝ հստակ նպատակների սահմանումը կխթանի էներգետիկ ընկերությունների ներդրումները ոլորտում։

Անցյալ տարի Ճապոնիայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի ոլորտի նոր ռազմավարությունը՝ ամրագրելով ատոմային էներգիայի առավելագույն օգտագործման քաղաքականությունը։ Նախատեսվում է, որ ատոմակայանների մասնաբաժինը երկրի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ներկայիս 9,4%-ից կհասնի մոտ 20%-ի մինչև 2040 թվականը։

Այս ծրագրերի իրականացումը կարող է բարդանալ հասարակության շրջանում պահպանվող հակամիջուկային տրամադրությունների պատճառով։ 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժն ու ցունամին հանգեցրին Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարին, որի հետևանքով հալվեցին երեք ռեակտորներ, և երկիրը ժամանակավորապես դադարեցրեց բոլոր ատոմակայանների աշխատանքը։

Ներկայում Տոկիոն փորձում է վերականգնել միջուկային էներգետիկան՝ նվազեցնելու հանածո վառելիքից կախվածությունը, հասնելու ածխածնային չեզոքության մինչև 2050 թվականը և բավարարելու աճող էներգետիկ պահանջարկը, այդ թվում՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման հետևանքով։

Մասնագետների գնահատմամբ՝ մինչև 2040-ականները Ճապոնիան կարող է բախվել շուրջ 5,5 միլիոն կՎտ հզորության պակասի, ինչը համարժեք է մոտ հինգ միջուկային ռեակտորի տարեկան արտադրությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *